կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 17:45
Առանց Կատեգորիա

Երբ վարչապետը երկրի թիվ մեկ ''սոցիոլոգն'' է

Երբ վարչապետը երկրի թիվ մեկ ''սոցիոլոգն'' է
Իշխանությունները վերջին տարիներին հանրությանը սփոփում են միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր ամսագրերի զանազան վարկանիշային աղյուսակներում մեր երկրի գրանցած առաջընթացներով: Կարելի է ասել` մոդա է դարձել այդօրինակ վիճակագրական սփոփանքները» ժողովրդի գլխին պարբերաբար թափելը: Ամանորի նախօրեին էլ «սփոփանքների» տեղատարափ էր: Թեեւ մեր երկրի առաջընթացները երբեմն համազոր են լինում ՀՀ ֆուտբոլի հավաքականի առաջընթացին, երբ վերջինս տվյալ ամսում որևէ խաղում չի հաղթում և նույնիսկ խաղ չի անցկացնում, սակայն մյուս հավաքականների ձախողումները մերին «մղում են» առաջ, և… ՀՀ վարչապետը ևս մի բարեբաստիկ առիթ է ստանում՝ կառավարության հերթական նիստում հերթական անգամ գլուխ գովելու: Չընկալվի այնպես, թե վերոբերյալ դատողությունները վարկանիշային աղյուսակների կամ հանրաբանական ուսումնասիրությունների դեմ են: Ընդհակառակը, վերոնշյալ անպտուղ աղյուսակավորումն առիթ է՝ անդրադառնալու մեր երկրում գործնական սոցիոլոգիայի թշվառ վիճակին և այդ վիճակը հանրային սպասումներին համարժեք վերափոխելու անհրաժեշտությանը:

 

 

Երկրի վարչապետի շուրջ 6-ամյա գործունեության ընթացքում, հատկապես՝ նրա հասցեին հնչող տարաբնույթ ու տարատեսակ քննադատությունների առկայության պայմաններում, պիտի որ գործնական սոցիոլոգիայով զբաղվող մարդկանց շրջանում վերոնշյալ պաշտոնյայի հանրային ընկալման որպիսությունը պարբերաբար ճշտելու որոշում հղացվեր: Մինչդեռ տխուր իրականություն է, որ բազմատեսակ վարկանիշային աղյուսակներից ճամարտակող այդ պաշտոնյան ինքը երբևէ չանցավ սոցհարցումների դառը պարունակներով, երբևէ սոցիոլոգիական գիտության «բերանով» չլսեց ճշմարտությունն իր մասին: Առ այսօր նա տեղական մակարդակով նույնիսկ սոցիոլոգիական թեթև «բուժզննում» չի անցել, ահա, թե ինչու է դրսի վարկանիշային աղյուսակներով իրեն զգում միանգամայն պաշտպանված: Ծառայամտությունը խորացել է մինչև անբարո դառնալու աստիճան, և նա, ում գործունեությունն ամենից առաջ պիտի ուսումնասիրվեր և իբրև վարկանիշ ներկայացվեր հանրությանը, հենց այդ մարդը սոցիոլոգներից «խլել» է նախաձեռնությունը և ինքն է հանդես գալիս իբրև թիվ մեկ սոցիոլոգ, որը միայնակ «գիտե» ճշմարտությունը երկրի և տիրող իրավիճակի մասին: Միայնակ որ ասում ենք, «Արուսը», անշուշտ, հետն է` ՀՀԿ-ական վերնախավը: Սակայն վարչապետինը` դեռ մի կողմ:

 

Մեզանում գործող գրեթե ոչ մի սոցիոլոգիական կենտրոն կամ կազմակերպություն անցած 6 տարիների ընթացքում երկրի նախագահի գործունեությանն առնչվող և այդ գործունության հանրային ընկալումը չափող որևէ հարցում երբևէ չանցկացրեց. նրանցը միայն նախագահական ընտրարշավների ժամանակ և հատկապես ընտրությունների նախօրեին իրականացվող պատվիրված հարցումներն են, որոնք սովորաբար գրեթե միշտ բավարարում են պատվիրատուի, սակայն երբեք` հանրության պահանջները: Իսկ երբ նախագահն արդեն ընտրված է, դրանից հետո տևական` հնգամյա ժամկետով մեր սոցիոլոգները սովորաբար համրանում են` չհանդգնելով չափել գործող նախագահի վարկանիշը. քաղաքականապես դա ոչ միայն անվտանգ, այլև ֆինանսապես եկամտաբեր չէ: Մինչդեռ այդ վարկանիշի փոփոխություններն ու տատանումները կարող էին մեր երկրի կառավարիչներին շատ բան հուշել իրենց կառավարման և մանավանդ արտաքին քաղաքական կուրսի ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ: Հայ սոցիոլոգիայի թշվառ վիճակն է փաստում նաև իրողությունը, որ նա պարփակվել է ինչ-որ մեկ-երկու կասկածելի կենտրոնում (կասկածելի` ակտիվության ժամանակացույցը նկատի ունեցած) այն դեպքում, երբ Արևմուտքում և Միացյալ Նահանգներում գործնական սոցիոլոգիան համարվում է իրեն հարգող յուրաքանչյուր ուսումնական հաստատության, լրատվամիջոցի` թերթ թե հեռուստատեսություն, զանազան կենտրոնների պարտադիր գործառույթը, որի իրականացմամբ ոչ միայն իրազեկվում է հանրությունը, այլև ուղղորդվում են իշխանությունները, և վերջիններս հաճախ նաև շնորհակալ են լինում արդյունքների համար: Իսկ ահա մեզանում որևէ սոցիոլոգ, որևէ Ադիբեկյան այդպես էլ չչափեց երկրի նախագահի վարկանիշը նրա պաշտոնակալումից 1 ամիս անց, 3 ամիս անց, 1 տարի անց:

 

Երբևէ չչափվեց նախագահի վարկանիշը, երբ նա հանկարծահաս պայծառատեսությամբ երկրի անվտանգությունը փորձում էր ապահովել «ֆուտբոլային» դիվանագիտությամբ: Որևէ սոցիոլոգիական հարցում չանցկացվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ին հաջորդող օրերին, որպեսզի նախագահը ոչ թե սոսկ պնակալեզների կեղծ հիացական կարծիքները լսեր իր քաղաքական կուրսի շեշտակի փոփոխության մասին, այլև տեղեկանար հանրային կարծիքին: Որևէ սոցիոլոգիական ինստիտուտ այսքան տարիների ընթացքում գոնե մեկ անգամ չփորձեց անկաշառ չափել, դիցուք, իշխող կուսակցության իրական վարկանիշը` համոզվելու և հանրությանն էլ համոզելու համար, որ այդ կուսակցության գործունեությունը դրական է գնահատում հասարակության գոնե այն հատվածը, որը նրա իսկ ցուցակներում ներկայացված է իբրև «անդամ»:

 

Անտարակույս, անկողմնակալ, անկաշառ և հաճկատարությունն ի սկզբանե մերժած լուրջ սոցիոլոգիան կարող էր դառնալ հայելի, որի մեջ իշխանությունները և իշխող քաղաքական ուժը պարբերաբար կտեսնեին իրենց իրական դեմքը: Եվ այդ դեմքի մասին պատկերացումներում հանրությունը չէր մնա գալուստսահակյանների, կարենավագյանների ու մյուսների կուսակցական պոռոտախոսության հույսին: Դեմք, որն այսօրվա պայմաններում խիստ կասկածելի է, թե հանրության համար ընդունելի է, էլ չենք ասում` հարգելի: Իսկ դա կարող էր պարզել սոցիոլոգիան:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ