կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 17:33
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի որ Փաշինյանն անձամբ է գնում գյուղեր, նշանակում է՝ մտավախություն ունի, որ «Ոչ»-ն ավելին կլինի, քան «Այո»-ն․ սոցիոլոգն ու տնտեսագետը՝ հանրաքվեի մասին

Հայաստանում բոլոր հանրաքվեներին մասնակցել են բնակչության մոտ 50 տոկոսը՝ սա արդեն բավականին լուրջ կրճատելու է մասնակիցների թվաքանակը․ ըստ Yerkir.am-ի, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կային մարդիկ, որոնք մեծ հույսեր էին կապում այս հեղափոխության հետ․ հիասթափության բավական լուրջ ալիք կա»,-ասաց սոցիոլոգը։

Նրա համոզմամբ, սա ոչ թե ՍԴ 7 անդամի պաշտոնավարման հանրաքվե է, այլև փորձաքար՝ որով կգնահատվի նոր իշխանությունների կայունությունը, սոցիալական բազան և նրանց քաղաքականության կողմնակիցների բանակը։

«Կանխատեսումը հետևյալն է․ քանի որ Փաշինյանն  անձամբ է գնում գյուղեր, դա նշանակում է, որ մտավախություն ունեն, որ «Ոչ»-ն ավելին կլինի, քան «Այո»-ն»,-ասաց սոցիոլոգը։

Նա նկատեց նաև, որ շատ բան կախված կլինի կազմակերպչական ռեսուրսներից․ «Գարուն է գալիս, գյուղը պետք է ստանա սերմացու, վառելիք և այլն․․․ դա միջոց է գոնե գյուղաբնակների ձայների պետական կառույցների ազդելու համար։ Կան արտաընտրական գործիքներ, որոնք կարող են օգտագործել»։

«Ոչ»-ի կողմնակիցների՝ հանրաքվեին չմասնակցելը, նրա դիտարկմամբ, ճիշտ որոշում էր, քանի որ 7 հոգու ճակատագիրը ժողովրդի ընկալման մեջ իրենց սոցիալական վիճակի վրա ուղղակիորեն ազդեցություն չունի, հետևաբար, շարքային ընտրողը չի պատկերացնում, թե դա ինչ է․ «Թեզը փոխում են, դիտում են որպես նախորդ իշխանության լծակ, որը պարտադիր պետք է փոխել։ Բայց սա էլ ոչ մեկի համար պարզ չէ՝ ինչո՞ւ, որովհետև նման դեպք չի եղել, որ ՍԴ-ն դեմ լինի իշխանության նախաձեռնած բարեփոխումներին»։

Ահարոն Ադիբեկյանի համար ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում միշտ իրեն հարցումներ էին պատվիրում՝ արդյունքը կանխատեսելու համար, այս անգամ իրեն չեն դիմել․ ««Իմ քայլը» կա՛մ հարցում անցկացրել է՝ չի տպել, կամ չի անցկացրել՝ վստահ լինելով, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Սա բավականին խրթին մոտեցում է հանրային կարծիքի նկատմամբ, որովհետև հանրությունն ինքը պետք է իմանա՝ իր միասնական կամքը ո՞րն է, որ տատանվողների մի մասը միանա կա՛մ ընդդիմադիրներին, կա՛մ կողմնակիցներին»։

Թադևոս Ավետիսյանի դիտանկյունից սա արհեստական օրակարգ է, որը անհնար է, որ փոխարինի իրական՝ տնտեսական, օրակարգին։

«Ջայլամի քաղաքականությունը բերելու է իր հետևանքները»,-ասաց նա։

Տնտեսագետը հիշեցրեց, որ օրերս Դաշնակցության Գերագույն մարմինը համաժողով էր կազմակերպել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ՝ մասնակիցների բավական ներկայացուցչական կազմով, բայց իշխանական թևի ներկյացուցիչները, որոնք բոլորը հրավիրված էին, չեկան մասնակցելու․ «Այստեղից հետևություն, որ դեռևս դրա կարևորության ընկալումը չկա։ Օրակարգ էինք բերել աղքատության հաղթահարման ծրագրեր, հնչեցին լուծումներ․ փաստացի արձանագրեցինք, որ քաղաքականություն իրականացնողներին չի հետաքրքրում, այստեղ գործում է «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք» սկզբունքը, որը, կարծում եմ, վատ հիշողություններ է առաջացնում»։

Նրա համար անընդունելի է՝ սպասել, մինչև աղքատության շեմն էլ ավելի բարձրանա, եղած մի քանի դրական ցուցանիշն էլ դառնան բացասական, նոր արձագանքենք։

«Մենք երեխա չենք՝ որպես պետություն, որ անպայման մատներս մտցնենք վարդակի մեջ՝ հոսանքահարվենք, որ հասկանանք, որ չի կարելի այդպես, դրա համար նախապես կարևոր են այդ վերլուծությունները։ Մենք չունենք այդ ներուժը, ցավոք սրտի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով փորձում է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Քվերակությունը ապրիլի 5-ին է, քարոզարշավն սկսված է։ ԱԺ ում ներկայացված մյուս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, արտախորհրդարանական ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և քաղաքական այլ ուժեր անտեսում են հանրաքվեն՝ համարելով հակաօրինական և հակասահմանադրական։ "Ոչ"-ի շտաբ ձևավորել են իրավաբաններ, որոնք հետևելու են հանրաքվեի անցկացման օրինականությանը։ Նրանք պնդում են, որ հանրաքվեի դրված փաստաթուղթն իսկ հակաօրինական է, քանի որ այն չի ուղարկվել ՍԴ հաստատմանը՝ ինչպես ընթացակարգն է պահանջում, և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականին չի արժանացել։

Մանրամասն՝ տեսանյութում․