կարևոր
3697 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 21:23
Քաղաքական

Երկրի թիվ մեկ աներձագը 7 անշարժ գույք ունի

Երկրի թիվ մեկ աներձագը 7 անշարժ գույք ունի

168.am-ը գրում է. 7 անշարժ և 1 շարժական գույք․ Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրից մի հատված է սա։ Մինչ հայտարարագրին իր ողջ «հմայքով» անդրադառնալը՝ փոքրիկ հիշեցում, թե ով էր Հրաչյա Հակոբյանը մինչև հեղափոխությունը։

Հրաչյա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, մասնագիտությամբ՝ դերասան․ նկարահանվել է մի քանի սերիալում և գեղարվեստական ֆիլմերում։ Ճիշտ ժամանակին աներձագ Հրաչի կարիերայի ու հայտարարագրի կողքով անցնում են 2018 թվականի թավշյա իրողությունները, և պատգամավոր Հակոբյանը սկսում է հայտարարագրել նոր տներ, հողամասեր ու մեքենաներ։

Այսպիսով, պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հրաչյա Հակոբյանը հայտարարագրում պահպանել է 7 անշարժ գույք, այդ թվում՝

2005 թվականին գնված երկու հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որոնք տնօրինում է միանձնյա:

2012 թվականին որպես ժառանգություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող բնակարան Շենգավիթ վարչական շրջանում և նույն թվականին գնված մեկ այլ բնակարան դարձյալ նույն համայնքում, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Երկար ընդմիջումից հետո արդեն 2020 թվականին Հրաչյա Հակոբյանը միանգամից ձեռք է բերում հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն, որոնք տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ 2 անշարժ գույքն էլ պատգամավորը ձեռք է բերել Ձորաղբյուրում։

2021 թվականին, հավանաբար շատ հավանելով Ձորաղբյուրի տարածքը, նա հողամասի վրա կառուցված մեկ այլ անհատական բնակելի տուն է գնում՝ դարձյալ նույն տեղում։

Նոր Վոլվո Հրաչյա Հակոբյանի հերթական ձեռքբերումը

2023 թվականի մայիսին Հրաչյա Հակոբյանը գնել է 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենա, որի համար, ըստ հայտարարագրի, վճարել է 18 միլիոն դրամ։

Իշխանական պատգամավորի դրամական միջոցները

Պատգամավորը բանկային հաշվի մնացորդներ է գրանցել մի քանի բանկում, որոնց մասին տվյալները պաշտպանված են։ Տվյալ տարվա սկզբում դրամական միջոցներն ունեցել են հետևյալ տեսքը՝ 11 600 ԱՄՆ դոլար, 8 499 474 դրամ և 2,000 եվրո, տարեվերջին պակասել են միայն դրամով արտահայտված միջոցները՝ կազմելով 3 251 687 դրամ։

Հրաչյա Հակոբյանի կանխիկ միջոցները թե՛ 2023 տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ։

Նկատենք՝ պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները՝ 11 միլիոն 274 025 դրամի չափով, գոյացել են ինչպես ԱԺ-ից ստացած աշխատավարձից, որը կազմել է 9 միլիոն 834,020 դրամ, այնպես էլ՝ հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներից, որոնց հետ ունեցած դատական վեճերը հօգուտ իրեն են լուծվել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 842 974 դրամ։ 2023 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 15 միլիոն 795 977 դրամ։

Նիկոլ Փաշինյանի աներձագը նաև հայտարարագրել է Բ26 ՍՊԸ-ում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը։