|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Տարեմուտի ավանդույթ է` աջ ու ձախ մրցանակաբաշխություններ են կազմակերպվում, լավագույններ են որոշվում` է՛լ լավագույն մարզպետ ու քաղաքապետ, է՛լ գյուղապետ ու համայնքապետ, է՛լ նախարար ու նախարարապետ: Ներողություն, նախարարապետ` չէ, քանզի մեր նախարարապետը միակն է, հետևաբար` անկրկնելի և անզուգական: Սակայն տասնյակ ու հարյուրավոր անվանակարգերում, կարծես, չկա մամուլի լավագույն բարեկամ անվանակարգը:
Ահա այս բացը լրացնելու ցանկությամբ է, որ առաջարկում ենք ոչ միայն այդ անվանակարգը, այլ նաև այդ անվանակարգում թերևս ամենաարժանավոր թեկնածուին: Անտարակույս, խորաթափանց ընթերցողն արդեն գլխի է ընկնում, որ խոսքը թռչում է դեպի բազմաչարչար Գալուստ Սահակյանը: Քաղաքական մեր կախգլուխ գործիչների մեջ մամուլի ավելի լավ բարեկամ, քան Գալուստ Գրիգորիչն է, իսկապես դժվար է գտնել: Ընդ որում` մենք չենք առաջնորդվել մամուլի ասուլիսներ տալու քանակով, որտեղ նույնպես Գալուստն անմրցելի է: Առավել կարևոր է այն հանգամանքը, թե որքան հաճախ է լրագրողական գրիչը սնել սույն մարդը: Հոգի ունենք տալու` Գալուստն այս առումով էլ կատարելապես անգերազանցելի է: Ընդսմին` քաղաքական այս պերսոնին լրագրողական ամենօրյա անդրադարձները պայմանավորված չեն միայն նրա իշխող կուսակցության անդամ և օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավար լինելու հանգամանքով: Գալուստը հայրենական մամուլը կենդանի ու բաբախուն է պահում իր փիլիսոփայական ու հաճախ նաև վերփիլիսոփայական ասույթներով, թևավոր խոսքերով ու դարձվածքներով, նույնիսկ՝ անհեթեթություններով: Արդարությունը պահանջում է նաև ասել, որ հենց նրա վրա է գլխավորապես կենտրոնանում դավադիր լրագրողական գրիչը: Հա՛յ լրագրողական գրիչը, որովհետև ուրիշ ազգեր դժվար թե Գալուստ Սահակյան ունենան:
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ