Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական միավորի մասին` նա նշեց, որ ինքը երկար քաղաքական ճանապարհ է անցել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հետ, և եթե նրանք ընդունեն իր նախապայմանները, ըստ որի` ընդդիմությունը չպետք է գործի նախկին ոճով, ապա կարող են համագործակցել:
Հարցին, թե ինչո՞ւ Պետրոս Մակեյանը չի մասնակցել վերջերս ՀԱԿ կուսակցության նախաձեռնած երթին, նա պատասխանեց` որովհետև չեն աջակցում այլևս այդ քաղաքական միավորին: «ՀԱԿ կուսակցությունում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց նա` ձեռնպահ մնալով անուններ հրապարակելուց:
Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմության միավորմանը, Մակեյանը կարծիք հայտնեց, որ դա շատ ավելի բարդ է, քան երկիրը ճգնաժամից դուրս բերելը: Ըստ նրա` ընդդմության մեջ դեռ կան ամբիցիաներ, կասկածներ, թե ով որտեղից է սնվում, իսկ վատագույնն այն է, որ ընդդիմադիր ուժերի մի մասը ազդակների է սպասում դրսից: «Բայց կգա պահը, որ անգամ դրսից սնվող ու դրսի ազդակներին սպասող ուժերը կմիավորվեն պետական շահի ազդեցության ներքո»,- ասաց նա:
Ընդդիմության ֆինանսավորման խնդրին անդրադառնալով` Մակեյանը նշեց, որ դա կարևոր գործոն է, բայց ոչ միակ պայմանը: Կան գործարարներ, որոնք ուզում են ազատագրվել ու գաղտնի ֆինանսավորում են ընդդիմությանը: «Պատահական չէ, որ իշխանությունները վերահսկում են դեպի ընդդիմություն ուղղվող ամեն մի դրամի շարժը»,- ասաց նա:
Խոսելով կենսաթոշակային համակարգի դեմ հասարակական հուզումների մասին` Մակեյանը նշեց, որ համամիտ է այդ պայքարի հետ, բայց չի մասնակցում այդ շարժմանը, որովհետև, «Ժառանգությունից» բացի, մնացած քաղաքական ուժերի ազնվությանը չի վստահում: «Բայց ինչ անում են, ճիշտ են անում, ո՞նց կարելի է գող իշխանություններին վստահել սեփականությունը: Վարչապետ կոչեցյալին իր օֆշորային սկանդալով ո՞նց փող վստահես»,- ասաց նա` հավելելով, որ բնակչության մեջ երկրաչափական պրոգրեսիայով աճում է ատելությունը իշխանությունների նկատմամբ, և դա չի կարող իր արդյունքը չտալ, և մի օր ընդդիմադիր քաղաքական ուժերը կմիավորվեն: