Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անմտություն կլիներ սպասել, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը պաշտոնապես հայտարարելու էր, որ այն, ինչ գրված է hetq.am-ում, համապատասխանում է իրականությանը, այսինքն` որ վարչապետը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսում իսկապես գրանցել է օֆշորային ընկերություն, որի միջոցով փողեր են լվացվել: Լրատվամիջոցը ներկայացրել է կոնկրետ քրեական մեղադրանքներ և դրանից փախչելու տեղ ուղղակի չկա:
Վարչապետը սպառնում է դիմել դատախազություն` «կատարվածին իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու» համար: Ըստ ամենայնի` նա, մեղավորներ ասելով, հասկանում է ոչ թե անմիջապես հոդվածի մեջ ներկայացված պրոցեսներում ներգրավվածներին, այդ թվում` նաև ինքն իրեն, այլ թերթի խմբագրին ու նյութի հեղինակին: Այլ կերպ ասած` նա փորձելու է խնդիրը հարթել` պրոցեսը «Հետք»-ի կողմից զրպարտության դաշտ տեղափոխելու ստանդարտ միջոցով: Պատահական չէ, որ վարչապետի մամուլի խոսնակը ոչ թե թերթից պարզաբանումներ կամ նյութի համար հիմք հանդիսացած փաստերն ու փաստաթղթերն է պահանջում` հասկանալու համար` որտեղից են դրանք գալիս ու որքանով է լրատվամիջոցը պատասխանատու դրանց համար, այլ ուղղակի մեղադրում է կեղծիք հրապարակելու մեջ:
Դժվար թե հետաքննական լրագրության լավ դպրոց ստեղծած «Հետք»-ը, որն անցել է բազմաթիվ դատաքննությունների բովով, չէր հասկանում, որ նման հրապարակմամբ իրականում մատը մտցնում է մեղվաբույնը, չէր հաշվարկում, թե ինչպիսին է լինելու վարչապետի արձագանքը, և դրանով ինչ գլխացավանքի մեջ է ինքն իրեն գցում: Նման պրոցես սկսելը, որը հավասարազոր է իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում տալուն, չէր կարող արվել առանց առավել քան ամուր, հիմնավոր փաստերի: Այնպես որ` ուզի, թե չուզի վարչապետը, ստիպված է լինելու բախվել ոչ թե «Հետք»-ին, այլ կոնկրետ փաստերին: Համենայն դեպս, եթե Տիգրան Սարգսյանն իսկապես դիմի դատախազություն, որում կարելի է վստահ լինել, հասարակության և լրագրողական հանրության հիմնական անելիքը դառնալու է թե' վարչապետին, թե' դատախազությանը փաստերի հետ գործ ունենալ պարտադրելը: Որովհետև սլաքները դեպի «Հետք»-ը և նրա խմբագիրը տեղափոխելու` հաջողված յուրաքանչյուր փորձ ոչ միայն վտանգելու է «Հետք»-ին, այլև, ընդհանրապես, ազատ, առավել ևս` հետաքննական լրագրության ապագան:
Սակայն առավել հետաքրքրական է, որ հրապարակմանն իրավական ընթացք տալու հետ կապված առաջին քայլն անում է վարչապետը, այլ ոչ թե դատախազությունը, առավել ևս` վերջին մեկուկես տարվա ընթացքում փողերի լվացման հետ կապված հարցերում առանձնահատուկ մասնագիտացած Ազգային անվտանգության ծառայությունը: Այս հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, ըստ տրամաբանության, դատախազությունը պետք է առանց որևէ մեկից դիմում ստանալուն սպասելու սկսեր նյութերի հավաքագրումը, որովհետև խոսքը վերաբերում է պետական ամենաառանցքային պաշտոնը զբաղեցնող անձին վերագրվող չափազանց ծանր հանցագործության մասին տեղեկատվությանը: Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ընտրական փոքր, երբեմն ոչ այնքան կարևոր խախտումների մասին մամուլի հրապարակումներին, դատախազությունն ուղղակի վայրկյան չի կորցնում դրանց հիման վրա քրեական գործ հարուցել ու մեկ շաբաթ դրա մասին թմբկահարել, մինչդեռ այս դեպքում մարտական լռություն է պահպանում: Թերևս պատառը շատ մեծ է` կուլ տալու համար:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն դեռ չի ավարտել «Սիվիլիթաս»-ի փողերը հաշվելը, որպեսզի նկատի ինչ-որ կիպրոսյան օֆշորներում միլիոնավոր դոլարների շրջանառությամբ փողերի լվացման նման մանր-մունր բաները: Բայց այստեղ խոսքը ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական պատասխանատվության մասին է: Հայաստանի պատմության ընթացքում թերևս չի եղել նման ռանգի որևէ պետական պաշտոնյա, ում անունն այսքան շոշափված լինի տարաբնույթ կոռուպցիոն, քրեական գործարքների, պրոցեսների, մութ պատմություններում, որքան ներկայիս վարչապետինը: Նրա անվան հետ էին կապվում թե' «Նաիրիտ»-ում խոշորամասշտաբ յուրացումների, չարաշահումների պատմությունները, որոնց իրավապահ մարմինները ծանոթացան ընդամենը որպես աֆյորայի ժանրում հոլիվուդյան ֆիլմերի փայլուն սցենարներ, թե' պետական գնումների, տենդերների ժամանակ նրա եղբոր կողմից կառավարվող ընկերությունների համար ֆորա ապահովելու, արտոնյալ պայմաններ ստեղծելու մասին տեղեկությունները, թե' դրամային ինտերվենցիաներով պետական պահուստներն անխնա փոշիացնելու մեղադրանքները, ահա հիմա էլ` փողերի լվացման հետ կապված այս պատմությունը: Հնարավոր է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանի եղած ու չեղած թշնամիները կարող էին, մեկ, երկու անգամ նման տեղեկություններ շրջանառության մեջ դնելով, դիմել բանսարկությունների, զրպարտանքների, կոմպրոմատային գրոհների: Բայց երբ դրանք սկսում են պարբերական ու ինչ-որ տեղ նաև անընդհատ բնույթ կրել, ուրեմն խնդիրն ու պատճառներն արդեն պետք է ոչ թե բանսարկողների ու զրպարտողների մեջ փնտրել, այլ նրանց «թիրախի»:
Չնայած այս պարզ իրողությանը` Տիգրան Սարգսյանից ոչ ոք «հաշիվ» չի պահանջում, կարծես, հենց այդպես էլ պետք է լիներ: Նա շարունակում է պաշտոնավարել, վերանշանակվել: Սա արդեն ոչ թե զուտ վարչապետի ու նրա գործունեության համար հաշվետու քաղաքական ուժի պատասխանատվության ճգնաժամի արտահայտություն է, այլև դրա իսպառ բացակայության: Բայց արդյոք հիմա դա որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ