կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 11:15
Առանց Կատեգորիա

Գասպար Կարապետյան. 2013-ը Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համար պատմական տարի էր.

Գասպար Կարապետյան. 2013-ը Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համար պատմական տարի էր.

Yerkir.am-ի հարցազրույցը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ

 

-2013 թվականը ավարտվում է: Փորձենք ի մի բերել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կատարած աշխատանքները,  նաեւ` սպասելիքները 2014-ին: Եթե գնահատեք 2013-ի աշխատանքը, ինչպե՞ս կգնահատեք:

-Գնահատականներ չունեմ, կարող եմ ասել` թող ընթերցողները գնահատեն: Տարին լավ սկսվեց` հունվարի 9-ին պաշտոնապես  Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ներկայացումն արեցինք: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր ներկա: 40 պատգամավորներ մասնակցեցին և  ստորագրեցին  համագործակցության համաձայնագիրը, ինչը շատ մեծ թիվ է Հայաստանի պես փոքր երկրի համար:  Նախագահը Արցախի հերոս տիկին Էլենի Թեոխարուսն է, որը վիրաբույժ է եւ պատերազմի ընթացքում 18 անգամ ռազմաճակատում է եղել, եւ հիմա էլ, երբ  առիթ է ստեղծվում, նա Արցախ է այցելում: Հիմնական նպատակը տարբեր երկրներից ու տարբեր կուսակցական խմբերից բաղկացած անձանց խումբ ստեղծելն էր, ինչն արվեց: Փոխնախագահներից մեկը Լյուքսեմբուրգից է, մեկը` Ֆինլանդիայից, մեկը անգլիացի է եւ չորրորդը` ֆրանսիացի: 4-ն էլ տարբեր կուսակցություններից են` մեկը պահպանողական է, մյուսը` ընկերվարական, կանաչ եւ անգլիական պահպանողական կուսակցությունից:

 

Նպատակը, անշուշտ, Եվրախորհրդարանում ոչ միայն մեր շահերը պաշտպանելն ու քարոզչություն անելն է, այլեւ Արցախի եւ Ցեղասպանության հարցերին ավելի ծանոթացնելը:  Կազմավորումից երկու ամիս անց նրանց պատվիրակությունը Հայաստան եւ Արցախ այցելեց, ապրիլի 24-ին ծաղկեփունջ դրեցին Ծիծեռնակաբերդում, ինչը Եվրախորհրդարանում եւ, ընդհանրապես, եվրոպական շրջանակներում բավական մեծ աղմուկ բարձրացրեց. հասկանալի է` Ադրբեջանը լուրջ բողոքներ  հղեց թե' խորհրդարանին, թե' Էշթոնին եւ թե' Բարոզոյին, թե` ինչպես կլինի, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը այցելում է  Արցախ: Դրանից հետո նրանք մայիսի վերջին` մայիսի 29-ին, կազմակերպեցին Ցեդղասպանության եւ հատուցումների շուրջ միջոցառումը, որին  ներկա էր Վալերի Բուայեն, այն պատգամավորը, որը Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրել էր ժխտման դեմ օրենքի նախագիծը: Այնտեղ բարեբախտություն ունեցանք, որ ներկա գտնվի նաեւ Եվրանեսթի հայկական պատվիրակությունը, եւ, բացի օտարներից,  ելույթ ունեցավ նաեւ Վահան Հովհաննեսյանը:

 

Ասեմ, որ երկու դեպքերում էլ` ե'ւ Հայաստան, ե'ւ Արցախ այցելությունները կազմակերպվեցին Հայաստանի դեսպանության հետ համատեղ, որոնց հետ շատ մտերիմ համագործակցություն ունենք, իսկ մայիսի 29-ի միջոցառումը տեղի ունեցավ ուղղակի մեր միջոցով:

 

Հունիսին ցուցադրվեց Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը:   Ֆիլմի ցուցադրությունը Եվրախորհրդարանում երկու շվեդ պատգամավորների հոգածությամբ էր, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց:

 

Սեպտեմբերի սկզբին մասնակցեցինք Սլովակիայում` Բրատիսլավայում, կայացած խորհրդաժողովին, իսկ հոկտեմբերի սկզբին Արցախի ազատագրական պայքարի 25-ամյակի առթիվ Արցախի Պետական հատուկ հանձնաժողովի հետ  միասնաբար կազմակերպեցինք գիտաժողով եւ դրսից 15-ից ավելի հյուրեր կարողացանք բերել Արցախ: Նրանց թվում էին քաղաքական դեմքեր` սենատորներ, ակադեմիկոսներ, ինչպես նաեւ լրագրողներ: Այդ այցելության ընթացքում բոլորը, բացի տիկին Թեոխարուսից, առաջին անգամ էին Արցախում: Մեր խնդիրն էր նրանց ծանոթացնել իրականությանը, որպեսզի համոզվեն, որ մեր դիրքերը ճիշտ են: Մեզ այդ խնդիրը հաջողվեց:

 

Հոկտեմբերին քրդերի երրորդ համաշխարհային համագումարը գումարվեց Ստոկհոլմում` հոկտեմբերի 11-13-ին, ուր երեք հիմնական բանախոսներից մեկը ես էի, եւ այնտեղ առիթ եղավ նաեւ տեսնել եւ խորհրդակցել Իրաքում անկախ Քրդստանի մարզի, ինչպես նաեւ այդ շրջանակների ղեկավարների հետ:

 

Կարելի է  պատմական համարել Եվրոպահայերի երրորդ համագումարը, որին մասնակցեցին 180-ից ավելի պատգամավորներ: Մենք նախատեսել էինք  120 հոգու համար` նախկին փորձից ելնելով, եեւ ստիպված էինք  մի պահ կանգնեցնել արձանագրությունները, քանի որ սրահի իմաստով հնարավորություն չունեինք` թե' հայկական բաժնում, թե' Եվրապառլամենտում ավելի մեծ սրահ գոյություն չուներ: Պատմական էր այն իմաստով, որ ներկա եղավ նաեւ Արցախի պատվիրակությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում էին նաեւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ու արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Պատմական իրողությունը հաջորդ օրն էր, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելեց Եվրախորհրդարան. առաջին անգամ էր, որ չճանաչված պետության նախագահը ներս մտնի: Դրանից առաջ եղել են դեպքեր, որ եկել են, բայց ինչ-որ պատգամավոր է իջել ներքեւ, գնացել են նրա գրասենյակը, սուրճ են խմել, ու դրա մասին հայտարարություն չի եղել: Պարոն Սահակյանը մտավ Եվրախորհրդարանի ամենամեծ դահլիճը  իսկ նրա կողքին Եվրոպայի ամենամեծ կուսակցության` ԵԺԿ-ի նախագահն էր:  Նա Եվրախորհրդարանում պաշտոնապես ձայն ստացավ և ներկայացրեց Արցախի դիրքորոշումները, խնդիրները, եւ որ Արցախը պետություն է, որ  գոյություն ունի, որտեղ մոտ 150 հազարից ավելի մարդիկ են ապրում, որ դա իսկական կազմակերպված պետություն է, եւ ինքն այդ երկրի նախագահն ու այդ երկրի կամքը ներկայացնողն է: Բակո Սահակյանը Եվրախորհրդարանում հանդիպում ունեցավ  12 երեսփոխանների հետ, եւ դա փակ կամ գաղնտի չեղավ, այլ եղավ հրապարակային, լուսանկարվեց ու հրապարակվեց բոլոր հնարավոր կողմերով, որ Արցախի նախագահը այցելել է Եվրախորհրդարան ու պաշտոնապես հանդիպել է եվրապատգամավորների հետ:

 

Բակո Սահակյանը այցելեց  նաեւ Բելգիայի խորհրդարան` լինելով չճանաչված պետության նախագահ, եւ հանդիպում ունեցավ 5 սենատորների հետ, հնարավորություն ունեցավ կարծիքներ փոխանակել Արցախի ներկա իրականության վերաբերյալ, եւ թե ինչպես կարելի է, որ բելգիական կողմը օժանդակի, որ Արցախի հարցը մեր համոզված ձեւերով լուծվի:

 

Արցախի նախագահը, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, հանդիպում ունեցավ նաեւ Հոլանդիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: 

 

Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանի դեսպանն ինքն անձամբ զանգահարել էր Եվրախորհրդարանի բոլոր` 700 պատգամավորներին և հորդորել ներկա չլինել ու չհարաբերվել Արցախի նախագահի հետ, բայց նրա հորդորները անտեսվեցին: Ես կարծում եմ, որ Արցախի պատվիրակությունն ու նախագահը գոհ մնացին իրենց այցելությունից, ճիշտ հասկացան, թե ինչ է Բրյուսելը, ինչ է ԵՄ-ն, ինքը` նախագահը, հնարավորություն ունեցավ անձամբ պատկերացնել այդ ամենը: Նաեւ նախագահը եւ նրան ընկերակցող պատվիրակությունը, բայց հիմնականում` նախագահը, իրենց հայտարարություններում անդրադարձավ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին` շնորհակալությամբ ու գոհունակությամբ, իրենց ընձեռված հնարավորությունների համար: Բակո Սահակյանը մեզ պաշտոնապես շնորհակալական նամակ է ուղարկել, որը մենք արդեն մեր ֆեյսբուքյան էջում հրապարակել ենք:

 

Բայց ամբողջ տարվա ընթացքում մեր գործունեությունն ու ներկայությունը մնայուն են Եվրանեսթի հետ, որի հայկական պատվիրակության քարտուղարության բրյուսելյան անդամ է նաեւ մեր գրասենյակի քարտուղարության անդամ Պետո Սեմիրճյանը: Շատ անգամ պատվիրակությունը, մենք ու Հայաստանի դեսպանությունը Եվրանեսթում կարողանում ենք ունենալ որոշ հաջողություններ կամ կանխարգելել ազերիների նախաձեռնած սադրանքները: Ազերիները շատ միջոցներ, հսկայական գումարներ են ծախսում այդ ուղղությամբ: Ազերիները Եվրոպայում հեղինակություն, վարկանիշ չունեն, բայց նրանց էներգետիկ կարողություններն են, որ ապագովում են նրանց ներկա լինելը: Նույնիսկ պատահեց այնպես, որ մարդիկ, ովքեր, կարծում էին, թե կարող են ազերիների համախոհները լինել, կանգնեցին ու հայտարարեցին, թե նրանք իրենց չեն կարող գնել նավթով, բայց, համենայն դեպս, շատ հստակ է, որ Ադրբեջանն իր նավթով շատ հաճախ ոմանց պարտադրում է, որ Եվրոպական Միության սկզբունքներին հակասող որոշումներ ու արձանագրություններ ընդունեն:

 

-Իսկ ի՞նչ գումարներով եք այս ամենը անում:

-Մենք, հասկանալի է, Հայաստանից որեւէ օժանդակություն չենք ստանում: Մեր ունեցած ֆինանսական հնարավորությունները մեզ համար հայթայթում է ՀՅԴ Բյուրոն, որի հանձնախումբն ենք մենք:  Հասկանալի է, որ ՀՅԴ-ն ֆինանսական լայն կարողություններ չունի,  բայց պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, Եվրոպայում կան ազգային դեմքեր,  ովքեր մեր արածների կարեւորությունը հասկանում են եւ օգնում են:

 

- Փաստորեն, երկու ճյուղով է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակն իր գործունեությունը տանում` Ցեղասպանության ճանաչում եւ Ղարաբաղի հարցի լուծում:

-Ոչ, մի այլ խնդիր էլ կա` երրորդը` Ջավախքն է: Աշխատանքներ են տարվել նաև Ջավախքի ուղղությամբ: Այս պահին մեր հիմնական աշխատանքներում Ջավախքը երրորդ հիմնական թեւն է: Ամերիկայում Հայ Դատի հանձնախումբը` Վաշինգտոնի գրասենյակը, աշխատում է Ջավախքում ներդրումներ եւ  նյութական ներկայություն ապահովել, իսկ մերը` քաղաքական ներկայություն ապահովել, որովհետեւ Վրաստանն ուղղակի կապված է Եվրոպայի հետ: Երկու առիթներով Բրյուսել եկավ Արտակ Գաբրիելյանը` Ջավախքի հասարակական կազմակերպությունների համակարգողը, եւ ունեցավ հանդիպումներ: Առաջին անգամ 15 պատգամավորների հետ հանդիպեց, որոնց ներկայացրեց ամբողջական թղթածրար` ջավախահայության խնդիրներով ու պահանջներով: Մարդիկ, որոնք ուղղակի առնչվել են Վրաստանի հետ, ծանոթ չէին Ջավախքի խնդիրներին: Արտակ Գաբրիելյանը հանդիպեց Եվրոպական հանձնախմբի Վրաստանի պատասխանատուների հետ, և  ասեմ, որ մենք հանդիպումներ ունեցանք Թբիլիսիում` թե' Եվրամիության պատվիրակության հետ, թե' արտաքին գործերի նախարարության եւ ինտեգրացիայի նախարարության ու օմբուդսմենի հետ, թե' շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ներկայացրեցինք ջավախահայության խնդիրները:  Հիմա նոր կառավարություն կազմավորվեց այնտեղ, և մենք  արդեն ծրագրում ենք 2014-ի մեր գործունեությունը:

 

Այս պահին հիմնական հարցերից մեկն էլ Սիրիայի հարցն է: Այս դեպքում մենք ամեն կերպ ջանում ենք, որ այն գումարները, որ ԵՄ-ն ուղարկում է Սիրիա, դրանցից բաժին հասնի նաեւ սիրիահայությանը: Բայց մեր երկրորդ` շատ մեծ կարեւորություն ունեցող ամենօրյա  աշխատանքներից մեկն էլ սիրիահայության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցն է: Եթե ոչ ամեն շաբաթ, գոնե ամիսը մեկ անգամ հանդիպումներ ու հարաբերություներ ենք ունենում Սիրիայում դերակատարություն ունեցող անձանց հետ, որպեսզի կարողանանք օգնել մեր քույրերին և եղբայրներին:

 

Մեր հիմնական 4 ուղղություններն անցնող տարում, սրանք էին, բացի ընթացիկ մյուս հարցերից:

 

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարծես, դանդաղել է: Համենայն դեպս, պետություններն արդեն նախկինի պես հաճախակի չեն ճանաչում այն: Ինչի՞ հետ դա կապված, կամ արդյո՞ք դա կապված չէ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ, որոնցից մինչ օրս չենք էլ հրաժարվել:

-Պատճառները միայն դրանք չեն, դրանից շատ առաջ էին սկսվել` տխրահռչակ դեպքով` TARK-ի ստեղծումով: Անշուշտ, արձանագրություների ստորագրումը ևս ազդում է. եվրոպական երկրներում լավ գիտեն հարցերի էությունը, ամեն ինչ լավ են հասկանում, եւ մեր բացատրություններն ընդունելի են, բայց շատ  երկրների կարծիքն այն է, որ ստորագրվեցին արձանագրությունները, ուրեմն` մենք ոչ մի բան չանենք, որպեսզի չխանգարենք այս գործընթացին: Հիմա այդ գործընթացն այլեւս գոյություն չունի, այս պահին սառած է, բայց ստորագրությունը կա, ու այդ խաղաքարտը Թուրքիան կարող է շատ հանգիստ խաղարկել 2015 թվականին: Դա արդեն իսկ սկսվել է` սկսել են զանազան պրովոկացիոն հայտարարություններով ենթահող պատրաստել, որպեսզի գնդակը կամաց-կամաց դեպի մեր կողմը բերեն, որ այս անգամ էլ մենք ստիպված լինենք պատասխանել. մինչեւ հիմա գնդակը նրանց դաշտում էր: Դրա համար դժվար է այս պահին այդ պրոցեսի մեջ մտնել: Համենայն դեպս, մի շարք երկրների հետ մեր աշխատանքն այս պահին կա, որպեսզի կարողանանք հարցը նորից շրջանառության մեջ դնել, բայց շատ դանդաղ է, եւ մարդիկ նաեւ հետաքրքրված են իմանալու, թե ուր պետք է գնանք: Հիմա, անշուշտ, հինգ երկիր ավելի կամ պակաս ճանաչեն Ցեղասպանությունը, դրանից բուն էության մեջ բան չի փոխվի. Եվրամիության երկրների գրեթե կեսը ճանաչել է Ցեղասպանությունը, ինքը` Եվրամիությունը, ունի 1987 թվականի որոշումը, եւ այդ կետը մի քանի անգամ նույն կերպ կրկնել է: Մեր հիմնական աշխատանքն այլեւս պետք է լինի այն պարզ բանը, որ այդ կերպով Ցեղասպանության ճանաչման գործընթացը բերենք-հասցնենք նրան, որ այլեւս գնանք նաեւ հատուցումներ պահանջելու ճանապարհով, որովհետեւ մեծ մասը ճանաչեցին Ցեղասպանությունը եւ Թուրքիային կոչ արեցին mea culpa անել ու դրանով բավարարվել են:  Եվ հիմա` հենց այս պահին, չեմ կարող  ասել, թե ինչ պետք է անենք 2014 եւ 2015 թվականներին եւ որոնք են մեր ծրագրերը, որովհետեւ եթե ես հիմա բարձրաձայնեմ, անշուշտ, մյուս կողմն էլ կարող է իմանալ դրանց մասին ու, ըստ այդմ, պատրաստվել մեր անելիքներին հակադարձելուն: Մենք կասենք, երբ զգանք, որ դրա համար հարմար պահն է: Այնպես որ` լուրջ գործընթացի մեջ ենք, լուրջ ուսումնասիրությունների մեջ ենք: Եվ կարծում եմ, որ ճիշտ է մեր կուսակցության կեցվածքը ի սկզբանե,  երբ ասում էր`  Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի ու պահանջի, որ Թուրքիան առանց նախապայմանների պետք է բացի Հայաստանի հետ սահմանները եւ  ճանաչի Ցեղասպանությունն ու ընդունի պատասխանատվությունը:

 

-Հայաստանը, փաստորեն, հետ չի կանչում իր ստորագրությունը, ի՞նչ կարող է դրանից հետեւել:

-Թե 2015 թվականին ինչ կհետեւի, կարող ենք մի քիչ երեւակայել` հաշվի առնելով գրեթե ամեն շաբաթ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները: 2014 թվական ենք մտնում, եւ հայությունը ձեռքերը ծալած չի մնալու 2015 թվականին, այս պահին կա հայության մոտ պայքարելու ոգին, իսկ 2015 թվականը պետք է վճռորոշ լինի նոր քայլերի  առումով: Կարծում եմ` Թուրքիան իր ձեռքին ունեցած դիվանագիտական եւ ,հավանաբար, նաեւ ոչ դիվանագիտական հնարավորությունները կօգտագործի, որպեսզի այդ ամենի առաջն առնի, որովհետեւ հայտնի է, որ այսօր Դավութօղլուի այդ հայեցակարգը` զրո պրոբլեմ հարեւան երկրների հետ, չի գործում. այսօր զրո հարաբերություններ են բոլոր նպատակադրված երկրների հետ, բոլորի հետ Թուրքիան այսօր հարցեր ունի: Եվ Թուրքիան հայկական խաղաքարտը պետք է գործածի:

 

Մենք շատ մտահոգված ենք, որ արձանագրությունների առկայությունն ու դրանց ներքո Հայաստանի ստորագրությունը Թուրքիան  ի նպաստ իր մշակած ծրագրերի շատ լավ կօգտագործի: Թուրքիան դրանք կսկսի կիրառել, եւ մեր անելիքների մի կարեւոր մասը, որոնք, հավանաբար, կկարողանային տարբեր հանգամանքներում ազդու լինել, նույն իմաստը չեն ունենա, որովհետեւ, ի վերջո, աշխարհի կենտրոնը մենք չենք, մեր ամեն ասածը չէ, որ եվրոպացիները, ամերիկացիները կամ որեւէ այլ մեկը անմիջապես պետք է «այո» ասեն: Մյուս կողմի խաղաքարտերն էլ պետք է քննեն, եւ երբ նա քո ստորագրությամբ զորավոր մի խաղաքարտ ունի, դրանից հետո քո դիրքերը ավելի են թուլանում, եւ տեսակետներդ հաստատելու համար ուժերդ ու ջանքերդ պետք է բազմապատկես` ինչ-որ բան անել կարողանալու համար:

 

-Հայաստանի կտրուկ շրջադարձը ԵՄ-ից դեպի ՄՄ, որքանո՞վ կարող է ազդել Հայ Դատի առաջիկա աշխատանքների վրա: Եվրոպայում դա ինչպիսի՞ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, ինչքանո՞վ կդժվարացնի ձեր աշխատանքները:

- Այս պահին մենք տեղյակ չենք, գոնե ես տեղյակ չեմ, թե Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիրը հստակ ինչ էր նախատեսում, կամ Մաքսային միությանը մեր մասնակցությունը ինչ պայմաններով պետք է լինի: Վերջնական տեսակետ չեմ կարող ունենալ, թե ինչ պետք է լինի, եթե դեպի մեկի կամ մյուսի կողմը գնայինք: Որպես եվրոպացի,- ես Եվրոպայում ծնվել, մեծացել եմ, եվրոպական մշակույթով եմ ապրում,- ես, բնականաբար, պետք է ուզեի, որ մեր արեւելումը լիներ եվրոպական արժեքների հիման վրա: Քաղաքական պատճառներով եւ այն ճնշումներով, որ բանեցվեցին մեզ վրա, եւ ճիշտ չէ, որ մենք դա թաքցնենք ու ասենք, թե մենք կամավոր այդ որոշումն ընդունեցինք: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ ճնշումներ բանեցվեցին, բոլորս էլ տեսանք, որ գազի գինը հանկարծ թանկացավ. ինչո՞ւ հանկարծ թանկացավ գազի գինը Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին, քանի տարի էր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք էր վաճառում, ինչո՞ւ հանկարծ այս օրերին հենց իրենց կողմից հայտնի դարձավ, որ իրենք Ադրբեջանին «Սմերչ» են վաճառում եւ այլն... Որ ժողովրդի մեջ վախ մտնի: Ինչո՞ւ հանկարծ նրանք ասացին, թե Ռուսաստանում բնակվող մոտ 800 հազար անօրինական ներգաղթյալների պետք է հետ ուղարկեն Հայաստան: Սրանք բոլորը, հասկանալի է, որ ճնշումներ էին, եւ ես չեմ հասկանում, թե ինչու Հայաստանն այդ կեցվածքն ունեցավ, թե` մենք մեզ քննեցինք ու սառը սրտով որոշում կայացրեցինք... Հայտնի է, որ ճնշումների հիման վրա դա եղավ, իսկ հիմնականը Ղարաբաղի հարցն էր: Արցախի հարցով էլ լուրջ ճնշումներ են եղել Հայաստանի վրա: Այս մեկը եվրոպացիները հասկացան, որ Հայաստանը փոխեց իր որոշումը, որովհետեւ նրա վրա շատ մեծ ճնշումներ բանեցվեցին: Եվրամիության հիմնական մտահոգությունը Ուկրաինան էր, որ մեծ երկիր է, Եվրոպայի տարածքի երկիր է եւ իրենց համար հիմնականը Ուկրաինան չփախցնելն էր: Անշուշտ, Հայաստան, Վրաստան եւ Մոլդովա բոլորի խոսքերում էլ նշվում էր, բայց նրանց հիմնական մտահոգությունը Ուկրաինան էր եւ Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելը, որ այդ ճնշումները դադարեն:

 

Հայաստանի պարագայում նրանք հասկանում էին, եւ գրեթե բոլորն էլ նշեցին, որ Հայաստանի դրդապատճառը հիմնականում քաղաքական էր, որովհետեւ բաց ու շատ կարեւոր հիմնական ազգային հարց ունենք: Եվ այնտեղ բոլորի կողմից կոչ եղավ, Շտեֆան Ֆյուլեն էլ այդ օրն արտահայտվեց, որ պետք է զգուշությամբ մոտենալ, պետք չէ մեկուսացնել Հայաստանը, որովհետեւ վերջնականապես կարող է Եվրոպայի համար կորսվել: Բայց, մյուս կողմից, նրանք ուզեցին նաեւ Հայաստանին մի շարք մեսիջներ հղել, որ  ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու` 3 տարի դուք մեզ հետ բանակցեցիք, հուլիսին հայտարարեցիք, որ մենք Վիլնյուսում պետք է նախաստորագրենք  ասոցացման համաձայնագիրը, եւ հանկարծ այլ բան հայտարարեցիք սեպտեմբերին եւ որեւէ խոսք չասացիք, թե ստիպված այդ քայլին դիմեցիք, այլ ասացիք, թե քննարկեցինք ու տեսանք, թե սա մեզ համար ավելի լավ է, այնինչ` հունիսից մինչեւ սեպտեմբեր հնարավոր չէ, որ Հայաստանը քննարկած ու հանգած լինի այն մտքին, թե իր համար ավելի լավ էր Մաքսային միությանն անդամակցելը, քան Եվրամիությանը:

 

Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ապա Եվրոպան մեզ անվտանգության որեւէ երաշխիք չի կարող տալ, քանի որ Եվրոպան այսօր 28 երկիր է, եւ ամենահեշտ որոշում կայացնելու համար անգամ բավականին երկար ժամանակ է պահանջվում: Այսինքն` Աստված չանի, եթե Արցախին ինչ-որ բան պատահի, Եվրոպան մեզ այս պահին երաշխիքներ չի կարող տալ: Դրա համար ես կարծում եմ, որ այլընտրանք չկար` եթե այս պարագայում մենք այդ ճնշումի տակ էինք, այլընտրանք չունեինք եւ պետք է ընդունեինք դա:

 

-Բայց պետք է անկեղծ լինեինք:

-Այո', եթե մենք ասեինք` պարոննե'ր, ճիշտ է, մենք ձեզ հետ խոսեցինք, բայց տեսե'ք, սրանք են պատճառները, եվրոպացիները կհասկանային, որ այս մարդիկ շատ մեծ ճնշման տակ են, և չէին  ասի, թե երկու ամսվա մեջ մենք տարբեր բաներ ենք ասում հանկարծ...

 

-Քաղաքականության մեջ ազնվությունը գերադասելի՞ է:

-Ոչ անպայման, քաղաքականությունը կեղտոտ բան է, բայց դիմացինդ այս բաները հիշում ու նշում է: Այսինքն` պետք չէ, որ մենք մի շարք հարցերում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք: Մի շարք հարցերում մենք էլ մեր ճկունությունը պետք է ունենանք: Մենք շատ լավ բանակցող խումբ ունեցանք` փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խումբը ԵՄ-ի հետ շատ լավ բանակցեց: Երբ մենք սկսեցինք բանակցությունները, Մոլդովայից ու Վրաստանից հետ էինք ասոցացման հարցում, բայց  հասանք նրանց, քանի որ լավ բանակցողներ ունեինք: Եվ ասոցացման համաձայնագիրը եթե չկապվեր Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին, ինչպես որ սկզբում էր, հավանաբար հնարավոր կլիներ ինչ-որ լուծում գտնել:  Ես շարունակում եմ մտածել, որ ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար շատ կարեւոր բան է: Ինչպես Վիլնյուսում հայտարարվեց թե' նախագահի կողմից, թե' այստեղ` Ֆյուլեի կողմից, որ գործընթացը պետք է շարունակվի նոր հանգամանքների հիման վրա, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար բացառիկ առիթ է ասոցացման համաձայնագիրը փոփոխված ձեւով կամ գրեթե նույն ձեւով ստորագրելու, որովհետեւ եվրոպական հասկացողությունը եւ մոտեցումը, մարդու իրավունքների եւ համամարդկային արժեքների երկրի կառավարման ձեւի, երկրի ընտրական համակարգի եւ դրանց ճիշտ պահպանման հարցերը Հայաստանի համար շատ կարեւոր են: Եվ ես դրանում համոզված եմ նաեւ, որովհետեւ եթե երկրի ներքին կացությունն ու համակարգը փոխվում են, դա միանշանակ դրական կերպով է ազդում նաեւ երկրի տնտեսական զարգացման վրա, որովհետեւ շատ անգամ տնտեսության լավ կամ վատ ընթացքը հիմնված է հոգեբանության վրա, թե ժողովուրդն ինչ հոգեբանություն ունի: Այսօր մեր ժողովրդի հոգեբանությունը, հստակ է, որ ցածր մակարդակում է գտնվում, քանի որ տեսնում ենք, որ որեւէ բանի այլեւս հավատացող չկա, որեւէ բան սպասող չկա: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի դեպի Եվրոպա այդ գործընթացը: Դեպի Մաքսային միություն պետք է հասկանալի լինի, որ այլընտրանք չունենք, բայց ինչ վերաբերում է  դեպի Եվրոպա մոտեցման մեր ներքին արժեհամակարգին, ես կարծում եմ, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր է: