կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 08:48
Իրավական

Դատարանում թեժ է լինելու

Դատարանում թեժ է լինելու
«Ժողովուրդը» գրում է. «ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն իր հերթին, «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ իր հերթին առանձին-առանձին հայցադիմումներ են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Ամենայն հավանականությամբ, Դոխոլյանը վիրավորվել է, որ հրապարակել ենք իր «Քույրիկ Լեւոն» ածականը, իսկ ՕԵԿ-ն էլ հայց է ներկայացրել իր բարի համբավն արատավորելու համար: Նրանք «Ժողովուրդ»-ից պահանջում են ընդհանուր հաշվով 7 մլն դրամի փոխհատուցում (յուրաքանչյուրը` 3.5 մլն դրամի չափով): Երկու հայցերն էլ մակագրվել են դատավոր Սամվել Թադեւոսյանին: Երեկվա դրությամբ խմբագրությունը դեռ չէր ստացել հայցադիմումները. կատարվածի մասին տեղեկացանք datalex.am կայքից:

 

Սակայն այս դատական գործընթացներն ի սկզբանե հավակնում են դառնալ աբսուրդի թատրոն. «Ժողովուրդ»-ին իր բարի համբավն արատավորելու մեջ մեղադրում է մի կուսակցություն, որը դեռ պետք է ապացուցի, որ բարի համբավ ունի, մի կուսակցություն, որին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որակեց ՀՀԿ-ի կույրաղիք, իսկ այդ կուսակցության ղեկավարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դավաճան: Եվս մեկ կարեւոր հանգամանք. ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը, ի դեպ, ՕԵԿ-ի անունից դատարան է ներկայացրել հայցադիմումը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե դիմելու է նաեւ դատախազություն. մենք անհամբեր սպասում ենք նաեւ այդ դիմումին: Մինչ այդ, շնորհակալություն ենք հայտնում ՕԵԿ-ականներին` ինքնակամ մեր թերթի գովազդով զբաղվելու համար: Բայց քանի որ մենք ՕԵԿ-ին չենք պատվիրել զբաղվել մեր գովազդով, հետեւաբար չենք պատրաստվում վճարել այդ 7 մլն դրամը: Այնպես որ, կհանդիպենք դատարանում եւ դատախազությունում»: