Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» անունով քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմը, որը կազմված է 7 անդամից` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Արսեն Խառատյան, Մարինե Մանուչարյան և Լենա Նազարյան:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական պայմանագիրը կարևոր իրադարձություն է: Հայաստանի հանրային քաղաքական կյանքում ի հայտ է գալիս նոր սուբյեկտ` ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կազմավորելու է Վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջնական կազմը, որից հետո կկազմավորվեն կենտրոնական գրասենյակը և տարածքային մարմինները Հայաստանի տարածքով մեկ և տարածքից դուրս:
Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագրի» նպատակները ձևակերպված են փաստաթղթում: Նա նշեց, որ առաջիկայում հրավիրվելու է համաժողով, որը կընտրի կառավարման մարմիններ: Այս նոր ուժը հանրային կյանքի ֆորմատով միացնելու է Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի հայությանը` որպես Հայաստանի ապագայի նախագծման լայն հարթակ:
Նոր ուժը կոլեգիալ մարմին է, չի ունենալու ղեկավար, իսկ որոշումներ ընդունվելու են կոնսենսուսով: Ըստ Փաշինյանի` առաջիկայի նպատակն է լինելու հարուցել մեծ ներգաղթ դեպի Հայաստան: Հարցին, թե պատրա՞ստ են դիմակայել այն բանին, որ քաղաքական ուժերը սվիններով կընդունեն նոր ուժը, Նա պատասխանեց, որ եթե սվիններով պետք է ընդունեն, նախ և առաջ պետք է հիմնավորեն, թե ինչն են սվիններով ընդունում: Խոսելով այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելու մասին` Փաշինյանը նշեց, որ մինչ համագործակցությունը պետք է հստակ ձևակերպել, թե ինչ են հասկանում` համագործակցություն ասելով, և որ այն պետք է լինի հասանելի ու տեսանելի ձևով, այլ ոչ թե կուլիսային կամ գաղտնի:
Ըստ Փաշինյանի` նոր ուժը ակտիվորեն մասնակցելու է բոլոր համապետական ընտրություններին, իսկ թե ով կլինի նախագահի թեկնածուն, դա կորոշվի «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովի քվեարկության արդյունքում: Նա հայտարարեց, որ նոր ուժը մարդկանց պարտության չի տանելու: «Առաջիկա նախագահական ընտրություններին նախագահի անձը որոշված չէ, քանի դեռ համապատասխան հստակ կանոնակարգված ձևով որոշում չի կայացվել»,- ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ իրենց գործունեության արդյունքում կհեռանա իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ առաջիկայում հանրային-քաղաքացիական նոր ուժը վերածվի քաղաքական կուսակցության, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկա համաժողովի ընթացքում, հնարավոր է, որ որոշվի ստեղծել քաղաքական կուսակցություն այս նոր ուժի հենքի վրա: «Իհարկե, քաղաքական մասնակցության լավագույն գործիքը քաղաքական կուսակցությունն է, բայց եկեք չշտապենք այդ հարցում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ունեցած հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե խոսքը ՀԱԿ կուսակցության մասին է, ապա նա այդ կուսակցության անդամ չէ, եթե խոսքը ՀԱԿ նախընտրական դաշինքի մասին է, ապա հայտարարվել է, որ այդ դաշինքն այլևս գոյություն չունի, իսկ եթե խոսքը ՀԱԿ խմբակցության մասին է, ապա ինքը այդ խմբակցության անդամ է:
Կառավարման խորհրդի մյուս անդամը` Սասուն Միքայելյանը, նշեց. «Մենք չենք գալիս, որ ևս մեկ օրով լրացնենք ներկայիս գործող իշխանության շարքը, գալիս ենք, հստակ գիտակցելով, որ ժողովրդի հուսալքված վիճակը պահանջում է կոնկրետ քայլեր` երկիրն այս ծանր վիճակից ու կործանումից դուրս բերելու համար»: Նա կոչ արեց բոլորին` համախմբվել, հատկապես` դիմեց իր մարտական ընկերներին` բոլոր ազատամարտիկներին, համախմբվել ու ցուցաբերել բարձր գիտակցականություն: Սասուն Միքայելյանը երդվեց. «Չշեղվել բռնած ուղուց ու անել ամեն ինչ, որ մենք տեսնենք ժողովրդավար Հայաստանը: Հուսախաբ չանենք ժողովրդին, որ ժողովուրդը կհավատա մեզ, մենք ժողովրդին չենք թողնի փողոցում»:
Կառավարման խորհրդի անդամները նշեցին, որ նոր ուժը ներառելու է հորիզոնական հարաբերություններ, հավասարը հավասարի հետ հարաբերություններ` խնդիր դնելով ծավալել լայն գործունեություն թե' փորձագիտական, թե' քաղաքական մակարդակներում: Քաղաքացիական պայմանագրի տեսքտը մարդկանց հասանելի և ընկալելի դարձնելու նպատակով նոր ուժի անդամները գնալու են բոլոր գյուղերն ու քաղաքները, բացատրելու են փաստաթղթի տեքստը, բոլոր վայրերում ունենալու են իրենց ներկայացուցիչներին, որպեսզի համապետական ընտրություններում հաղթեն իրենց թեկնածուները: