կարևոր
4369 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-12 23:41
Աշխարհ

Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտելու մասին Մոսկվայի մեղադրանքները

Սպիտակ տունը հերքել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտելու մասին Մոսկվայի մեղադրանքները

Ռուսաստանի այն պնդումները, թե Միացյալ Նահանգները փորձում է միջամտել նախագահական ընտրություններին, «կտրականապես կեղծ են», երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տունը։

«Այդ մեղադրանքները կտրականապես կեղծ են և ոչ այլ ինչ են, քան քարոզչություն», - Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքերը:

«Միացյալ Նահանգները չի միջամտել և չի միջամտելու Ռուսաստանի ընտրություններին։ Հենց Ռուսաստանն ամերիկյան և ժողովրդավարական այլ ընտրություններին միջամտելու երկար պատմություն ունի։ Կեղծ տեղեկություններ տարածելու փոխարեն Ռուսաստանն է, որ պետք է դադարեցնի այդ գործունեությունը»,- հավելել է Սպիտակ տունը։

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարել էր, որ ընդդիմադիր ինտերնետային ռեսուրսները Վաշինգտոնի դրդմամբ ռուսներին կոչ են անում անտեսել նախագահական ընտրությունները։

Հետախուզական ծառայությունը նաև  հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է ՏՏ առաջատար մասնագետների մասնակցությամբ կիբերհարձակումներ իրականացնել հեռահար էլեկտրոնային քվեարկության համակարգի վրա: Նշվում է, որ նման սաբոտաժի նախաձեռնողները ցանկանում են անհնարին դարձնել ընտրողների զգալի մասի ձայների հաշվարկը: