կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 13:54
Իրավական

Կիվիրյանի գործով Օսիպյանի ժամացույցի հարցն էլ բարձրացվեց

Կիվիրյանի գործով Օսիպյանի ժամացույցի հարցն էլ բարձրացվեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Ակտիվիստն ու նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը բողոքում են Հատուկ քննչական ծառայության` Արգիշտի Կիվիրյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ն Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստները, երբ ցանկացել են վրան տեղադրել, ոստիկանները թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ դա անօրինական է: Այնուհետև մի խումբ ոստիկաններ ժամը 12:20-ի սահմաններում մոտեցել են վրանը պահած Կիվիրյանին և, ըստ բողոքի, նրա մարմնի մասերից բռնած, տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

 

Ըստ Լուսինե Սահակյանի`ոստիկանների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն, ինչի հետևանքով Կիվիրյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ: Բացի այդ` փաստաբանն արձանագրել է, որ Կիվիրյանին ոստիկանական բաժանմունքում 3 ժամից կես ժամ ավելի են պահել, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատախազին, ով էլ, իր հերթին, այն ուղարկել է ՀՔԾ: Այստեղ մերժել են քրեական գործի հարուցումը` ոստիկանների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

Փաստաբանը նշում է, որ ՀՔԾ-ի որոշումն անհիմն է, քանի որ մերժման հիմքում քննիչը դրել է բացառապես ոստիկանների բացատրությունները: Այսպիսով` Կիվիրյանը և նրա ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՔԾ-ի ավագ քննիչ Մելքոնյանի կողմից կայացված որոշումը և պարտավորեցնել փաստի առթիվ հարուցել քրեական գործ: Այսօրվա նիստին բողոքը ներկայացնելու ժամանակ փաստաբանը մի քանի հետաքրքրական փաստեր առանձնացրեց:

 

Նշենք, որ, նախաքննության համաձայն, Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել ժամը 12:45-ին և ազատ է արձակվել 15:40-ի սահմաններում (այսինքն` 3 ժամ պահելու սկզբունքը չի խախտվել), սակայն փաստաբանը դատարանին ներկայացրեց տեսաձայնագրություններ, որոնք, ըստ նրա, վկայում են, որ Կիվիրյանն առնվազն 12:21-ին արդեն իսկ բերման ենթարկված է եղել: Փաստաբանի խոսքով` իրենք համադրել են մոտ մեկ ժամ տևողությամբ մի տեսանյութում երևացող` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ձեռքի ժամացույցի ցույց տված ժամը Կիվիրյանի` բերման ենթարկելու ժամանակահատվածի հետ և ստացել հստակ ժամը:

 

Հետաքրքրական էին նաև փաստաբանի բերած այն փաստարկները, որոնք հինավորում էին, որ քաղաքապետարանի առջև վրան տեղադրելն օրինական է եղել: «Այդ օրը Երևանում օդի ջերմաստիճանը եղել է 30-35, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման բավականին բարձր ցուցանիշ, ինչի դեպքում մարդը 27 րոպեում կարող է ճառագայթվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արևից պաշտպանվելու միջոցների թվում նախատեսվում է ստվերի տակ գտնվելու միջոցների ձեռնարկում և այլն, իսկ ՀՀ առողջապահության նախարարության համաձայն` արևի ուղիղ ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է մարդու վրա թողնել սուր հետևանքներ ` արևայրուքի, ֆոտոկոնյուկտիվիտի, ֆոտոալերգիայի մելանոմաների ձևով: Ամռան տաք եղանակի, հատկապես`  ժամը 12-ի արևահարությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուսափել արևի ուղիղ ճառագայթման ներքո գտնվելուց»,- հայտարարեց փաստաբանը և հանգեց այն եզրակացությանը, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում հավաք անցկացնող անձանց առողջությունը վտանգված է եղել, իսկ վրանի տեղադրումը պայմանավորված է եղել հավաքը շարունակելու համար բավարար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Մի խոսքով, ըստ փաստաբանի, ոստիկանների կողմից վրանը հանելու արգելքը եղել է ոչ իրավաչափ: