կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 16:28
Քաղաքական

Առաջարկություն՝ Փաշինյանին. ԱԺ-ի քննարկումից հետո խոսել Արցախի ղեկավարության հետ

Առաջարկություն՝ Փաշինյանին. ԱԺ-ի քննարկումից հետո խոսել Արցախի ղեկավարության հետ

ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է հայ ժողովրդի միասնական դիմադրությանը, այդտեղ չի գործելու քաղաքական որևէ բաժանում, հայացքների տարբերություն, և սա մեր հակառակորդը պետք է ականջին օղ անի. այսօր վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ադրբեջանական Միլի մեջլիսի պատգամավորները պահանջում են Ղարաբաղի հարցով շտապ նիստ գումարել: «Ես պատասխան չեմ ակնկալում Ձեզնից, բայց ունեմ հորդոր` պատգամավորների հարցերից հետո խոսել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ և ՊԲ գլխավոր շտաբի պետերի հետ, տեղեկանալ այս պահին առկա ռազմական իրավիճակի մասին և այդ մասին զեկուցել ԱԺ-ում»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ որևէ կասկած չի կարող լինել, որ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը` Հայաստանում և Սփյուռքում, միասնական են: «Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա դա լիցքաթափելու լավագույն ձևն այն է, որ մենք ոչ թե խորացնենք քաղաքական իրավիճակը, այլ հանգուցալուծենք այն»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հաշվի կառնի Ֆարմանյանի առաջարկը և կփորձի հասկանալ իրավիճակը, եթե անհրաժեշտություն լինի, այդ մասին ԱԺ-ին կտեղեկացնի: