կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 15:25
Հասարակություն

Գյումրիում տեղացած ձյունը կաթվածահա՞ր է արել Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները

Գյումրիում տեղացած ձյունը կաթվածահա՞ր է արել Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները

Այսօր ձյուն է տեղացել Գյումրիում, որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում` ճանապարհների ասֆալտապատում և շենքերի նորոգում: Այդպես Գյումրին նախապատրաստում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին:

 

Որոշ տեղեկությունների համաձայն` Գյումրիում տեղացած ձյունը կաթվածահար է արել այդ աշխատանքները: Այս առնչությամբ Yerkir.am-ը զրուցեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ: Նա նշեց, որ ձյունը չի նստել, թաց ձյուն է տեղացել եւ հալչել կարճ ժամանակ անց: Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքներին` նա նշեց, որ այսօր չի տեսել այդ ուղղությամբ աշխատանքներ:

 

«Ամենայն հավանականությամբ, կա'մ ավարտել են ասֆալտապատման աշխատանքները, կա'մ էլ եղանակի պատճառով դադարեցվել են»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ դեռևս չի կարող հստակ ասել` ճիշտ ժամանակին, այսինքն` մինչև Պուտինի այցի օրը հնարավոր կլինի՞ նախատեսված աշխատանքները ավարտին հասցնել, թե՞ ոչ, քանի որ եղանակը կարող է խանգարել:

 

Զոհրապ Եգանյանը կարծիք հայտնեց նաև, որ, ՌԴ նախագահի այցով պայմանավորված, Գյումրիում կատարվող հարդարման աշխատանքները պետք է նորմալ դիտարկել, քանի որ եթե բարձրաստիճան հյուր է գալիս, ապա քաղաքը պետք է ներկայանալի տեսքի բերվի: Նա նշեց, որ բոլոր ծախսերը համայնքի բյուջեից չեն հատկացվել:

 

«Ես կարող եմ ասել, որ ավարտին է հասցված օդանավակայանի ճանապարհը, իսկ մնացած աշխատանքները` փողոցների կոսմետիկ նորոգումը, ներկման և գծանշման աշխատանքները ընթացքի մեջ են: Ինչևէ, բավականին աշխատանք արդեն կատարվել է»,- ասաց Եգանյանը: