կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 18:19
Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարել է Խաչատրյանի գործերը

Երիտասարդական նվագախումբը Մոսկվայում կատարել է Խաչատրյանի գործերը

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն է եղել։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

 

Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող` ջութակահար Անդրեյ Բարանովը։ Ստրադիվարիուսի ջութակով նա ներկայացրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը նա կատարում էր առաջին անգամ։

 

«Ինձ համար հետաքրքիր էր հայկական երաժշտությունը կատարել հայ երաժիշտների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի Արամ Խաչատրյանի այդ կոնցերտը և սիրում է այն, յուրաքանչյուրն ունի այդ ստեղծագործության իր մեկնաբանությունը, այդ իսկ պատճառով երիտասարդական նվագախմբի երաժիշտները հիանալի էին այն կատարում»,- ասել է Բարանովը։

 

Բարանովի և երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի. հաջորդ համատեղ ելույթը կկայանա դեկտեմբերին Երևանում։

 

«Արամ Խաչատրյանն ապրել է Մոսկվայում, սակայն նրա երաժշտության մեջ շատ են հայկական երանգները։ Հայ երիտասարդությանը հոգեհարազատ է Խաչատրյանի արվեստը։ Մեզ համար խիստ պարտավորեցնող է կատարել մեծ կոմպոզիտորի գործերը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

 

Երեկոյի կազմակերպիչներն էին Մոսկվայի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով եզրափակվել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված` ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթը։