Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ կհյուրընկալվի Իտալիայում: Այստեղ երիտասարդական նվագախումբը կմասնակցի իտալական «Musica Riva» փառատոնին։ Երիտասարդական նվագախումբը հանդես կգա որպես «Musica Riva» փառատոնի պաշտոնական նվագախումբ:
Իտալական փառատոնը հիմնված է 30-ամյա պատմության և արդեն իսկ ձևավորված ինքնատիպ ավանդույթների վրա. յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչևսկին, Գլորիա Գեյները, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Ջիլբերտո Ջիլը:
Այս տարի Իտալիայում`Ռիվա դել Գարդայում, ամառային ամիսներին անցնող փառատոնն արդեն իսկ կհյուրընկալի հայաստանյան երաժիշտների` ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի: Այսպես, հուլիսի 20-ին՝ փառատոնի հանդիսավոր բացման արարողության ժամանակ, նվագախումբը ելույթ կունենա մենակատար թավջութակահար Նատալյա Գուտմանի, իսկ հուլիսի 24-ին` դաշնակահար Ալդո Չիկոլինիի հետ: Այնուհետ կհետևեն համերգներ հուլիսի 27-ին, օգոստոսի 1-ին և 3-ին, ինչպես նաև հուլիսի 30-ին, երբ հանդիսատեսին կներկայացվի հայկական երաժշտության երեկո, և ի նշանավորում Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի` կկատարվեն հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան՝ Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա) և Լուսինե Մկրտչյան (սոպրանո, Հայաստան)։
Փառատոնի շրջանակներում Իսահակ Կարաբչևսկու մատուցմամբ կանցկացվեն նաև դիրիժորների վարպետության դասեր, որոնց ընթացքում կրկին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: