կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 14:05
Առանց Կատեգորիա

Երիտասարդական նվագախումբը` ճիշտ տեղում, ճիշտ ձեւով

Երիտասարդական նվագախումբը` ճիշտ տեղում, ճիշտ ձեւով

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 

-Արդեն մեկնարկել է Արամ Խաչատրյանի անցան միջազգային 9-րդ մրցույթը: Տարեցտարի ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Առաջին անգամ այս տարի մրցույթի փոխարեն արեցինք մրցույթ-փառատոն, քանի որ տարին հոբելյանական է Խաչատրյանի համար: Այս տարի մրցույթը դարձավ Միջազգային մրցույթների ֆեդերացիայի անդամ, ինչը խոսում է մրցույթի բարձր մակարդակի մասին. հազարավոր մրցույթներ կան աշխարհում, բայց դրանց մեծ մասն անգամ չի էլ կարող երազել այդ մասին: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կանգնած է աշխարհի լավագույն մրցույթների կողքին` Էլիզաբեթ թագուհու անվանՉայկովկսու անվան մրցույթների… Մեր պետությունն էլ շատ ճիշտ մարտավարությամբ կանգնեց մրցույթի կողքին, եւ մենք այսօր ունենք շատ լավ պատմություն ու փայլուն ապագա ունեցող մրցույթ: Շատ կարեւոր է մրցույթի անցած ճանապարհը, քանի որ դու չես կարող լինել Միջազգային մրցույթների ֆեդերացիայի անդամ` չունենալով լավ պատմություն:

 

-Որքանո՞վ է փոխվել մասնակիցների որակը:

-Մրցույթի մասնակիցներն այսօրվա լավագույն երիտասարդ երաժիշտներն են, որոնք շատ պրոֆեսիոնալ են: Եթե երաժիշտը մասնակցում է մրցույթին` զուտ գումար վաստակելու համար, ժյուրիի անդամները դա զգում են եւ երբեք չեն սատարում նման: Մենք մի կարեւոր առաքելություն ենք կատարում` պայքար դասական երաժշտության ոլորտում: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը հնարավորություն է քեզ տալիս հետագայում համերգներ ունենալ Գերգիեւի, Մարիինյան թատրոնի հետ: Այսօր Հայաստան են եկել երաժիշտներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել կերտել իրենց կարիերան, իսկ մեր մրցույթը հնարավորություն է ընձեռում, հաղթելով Հայաստանում, ունենալ միջազգային արձագանք եւ ելույթներ:


-Վերջերս Երիտասարդական նվագախումբը նոր երաժիշտներով համալրվեց, արդեն հունի մեջ ընկե՞լ են նորեկները:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք արդեն սիմֆոնիկ կազմ ունենք: Փայլուն երաժիշտներ են նրանք, եւ, չնայած վերջերս են ինտեգրվել մեր ընտանիք, բայց արդեն խոսում ենք նույն լեզվով: Նրանք, ովքեր հետաքրքրված են մեր նորեկներով, կարող են ուղղակի գալ մեր առաջիկա համերգներից որեւէ մեկին եւ լսել ձայնային տարբերությունը:

 

-Դուք նաեւ մարզերում եք համերգներով հանդես գալիս: Այնտեղ մե՞ծ է հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ:

-Դասական երաժշտությունը հետաքրքիր ընդգրկվածություն ունի: Եթե մարզերի բնակիչները մեզ ընդունում են հոտնկայս եւ համերգից հետո մեզ դիմում են, որ նորից այցելենք իրենց մարզ, ուրեմն մեր առաքելությունը կատարված է: Պահանջարկ, իհարկե, կա, ուղղակի պետք է ճիշտ ֆորմատ առաջարկես: Օրինակ` «Կարմեն» օպերան բոլորը գիտեն, եթե անգամ չգիտեն, որ դա «Կարմենն» է, երաժշտությունը ճանաչում են, իսկ Բրուքների սիմֆոնիաները գիտեն միայն նրանք, ովքեր դասականին մոտենում են որպես պրոֆեսիոնալ արվեստի: Ճիշտ ֆորմատը ճիշտ տեղում ունի իր ուժը եւ կապրի: Պետք է այնպես մատուցել, որ չվանենք երիտասարդներին: Շատ երիտասարդներ կան, որոնք կիրթ են, սիրում եւ հասկանում են դասական երաժշտությունը, բայց իրենք առաջին անգամ են գալիս մեր համերգներին. Ինչո՞ւ. քանի որ մեր մշակութային քաղաքականությունը Հայաստանում չի աշխատում, որ դասականը զարգացնի, մենք մնում ենք նույն օղակում:

 

-Առաջիկայում նվագախումբը որտե՞ղ է մեկնելու հյուրախաղերի:

-Այս տարի ամռան վերջին կմեկնենք Իտալիա. առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես կմասնակցի իտալական դասական երաժշտության միջազգային փառատոնին: Տասից ավելի հրավերներ ունենք, եւ որոշներին ստիպված ենք լինելու մերժել: Քանի որ այս տարի Խաչատրյանի 110-ամյակն է, մենք ուր էլ որ գնանք, անպայմանորեն Խաչատրյան ենք կատարելու:

 

-Մոնսերատ Կաբալիեի համերգին նախապես հայտարարված էր, որ Երիտասարդական նվագախումբն է ելույթ ունենալու, սակայն հետո փոխվեց ծրագիրը, եւ արդյունքում Ֆիլհարմոնիկը նվագեց համերգին, ինչը մի շարք շահարկումների տեղիք տվեց: Իրականում ի՞նչն էր այս փոփոխության պատճառը:

-Չգիտենք: Հարցը հետեւյալն է` կան նվագախմբեր, եւ կա ներքին շուկա, եւ եթե կազմակերպիչները չեն կարողանում նույնիսկ իրենց լավ ու դրական քայլերով նպաստել, որ տեղական շուկան զարգանա կամ օգտվի ինչ-որ բանից, այլ, ընդհակառակը, լարված իրավիճակ են ստեղծում, ուրեմն իրենց մոտ չի ստացվում դա: Ծրագիր փոխելիս պետք է պարզաբանում տալ, բայց ես մինչեւ անգամ համերգի օրը տեսնում էի հրապարակումներ, թե այսօր համերգին հանդես կգա Երիտասարդական նվագախումբը: Խնդիրը նվագախումբը չէ, այլ մոտեցումը. պետք է մի քիչ զգույշ լինել եւ հաշվի առնել, որ կա տեղական շուկա: Անգամ մեր ավագ ընկերները` ֆիլհարմոնիկի երաժիշտներն էին դժգոհ, քանի որ իրենք էլ տեղյակ չէին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ