կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 13:01
Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը հետաքրքրություն է առաջացրել ″Musica Riva″-ում

Երիտասարդական նվագախումբը հետաքրքրություն է առաջացրել ″Musica Riva″-ում

Իտալական «Musica Riva» 30-րդ միջազգային փառատոնն այս տարի յուրահատուկ էր. այն մեկնարկել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախումբը փառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրվել էր որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։

 

«Մենք խոսում ենք հարուստ պատմություն ունեցող փառատոնի մասին, որին մասնակցելը մեզ համար պատիվ էր: Շուրջ 15 օր մնացել ենք Ռիվա դել Գարդայում, եւ պետք է փաստեմ, որ նվագախումբը մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- ասաց Սմբատյանը:

 

Նա նշեց նաեւ, որ փառատոնի շրջանակներում հանդիսատեսին է ներկայացվել նաեւ «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ Երիտասարդական նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։

 

«Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելը մեզ նոր իմպուլս տվեց: Փառատոնին մի շարք հայտնի անուններ էին մասնակցում, եւ, բնականաբար, նվագախումբը նաեւ հրավերներ եւ առաջարկներ է ունեցել, որոնց մասին, սակայն, դեռ չենք խոսի»,- ասաց Սմբատյանը:

 

Ի դեպ, փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ, ովքեր իրենց հիացական վերաբերմունքն են արտահայտել երիտասարդական նվագախմբի հանդեպ:

 

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին էլ, իր հերթին, նշեց, որ փառատոնին մասնակցելը մեծ հաջողություն էր երիտասարդական նվագախմբի համար, քանի որ փառատոնին մասնակցում են նաեւ լեգենդար անուններ:

 

«Չնայած հայ-իտալական կապերը շատ ամուր են, սակայն սա շատ լավ սկիզբ էր` հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար, եւ ես պատրաստ եմ աջակցել երիտասարդական նվագախմբին` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասաց դեսպանը: