կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-22 17:25
Հասարակություն

Նաիրյան էտած բարդի

Նաիրյան էտած բարդի

Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն արձագանքել է Երևանի հազարավոր ծառերի դաժանաբար սղոցումների և մասնագիտական դիլետանտության փաստերին՝ նշելով, որ կատարված բոլոր էտումները նորմալ աճի համար ագրոտեխնիկական միջոցառումներ են: Վկայակոչվել են նաև իբր Բուսաբանական ինստիտուտի, Բնապահպանական հանձնաժողովի և բազմաթիվ այլ մասնագետների կարծիքը:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ սույնով Երևանի քաղաքապետարանը վերահաստատում է իր բնապահպանական դիլետանտությունը` հաշվի առնելով հետևյալ փաստերը.

 

1. Նույն Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովում նշված և այլ մասնագետներ բազմիցս մանրամասն ելույթ են ունեցել նման կերպով էտումներ կատարելու անթույլատրելիության մասին: Հայտնի է նաև, որ քաղաքապետարանն արհամարհում է այդ կարծիքները, ինչի պատճառով էլ առկա է ներկայիս պատկերը: Բացի հանձնաժողովի անդամների նշված գրավոր կարծիքներից, ծանոթացեք նաև Հ.Հակոբյան փողոցի դեպքի մասին ծառագետի կարծիքին հետևյալ տեսանյութում.

 

 

2. Բացի այդ, մասնագետները կարծիք են հայտնում, որ կանաչ տարածքների պահպանման համար հատկացվող գումարը թեև ավելացվում է, բայց այդ գումարի զգալի մասը օգտագործվում է «կանաչ տարածքների վերացման» համար, քանի որ զանգվածային կերպով կատարվում էին ծառերի խորը էտումներ: Շատ երկրներում ներկայումս ընդհանրապես հրաժարվել էն խորը էտումներից: Երևանի պայմաններում այն կարող է անցկացնել միայն սանիտարական նպատակներով և հնարավորինս սահմանափակ մասշտաբներով (այդ հարցով բազմիցս դիմել են բուսաբանները): Այս հարցերն արհամարհվում են քաղաքապետարանի կողմից և բյուջեի միջոցները անհայտ նպատակներով են օգտագործվում:

 

3. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մինչև դեկտեմբերի 2-ը Երևանի 2014 թ. բյուջեի մասին հանրային քննարկումներ կազմակերպելու մասին:

 

Հայտարարում ենք, որ բյուջեի մասին այդ բաց հանրային քննարկումները ֆիկցիա են, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է մանրամակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե 2013 թ. ինչի վրա են ծախսվել համայնքային «Կանաչապատում» ՓԲԸ և մյուս կազմակերպություններին տրամադրված գումարները:

 

Այստեղ կոնկրետ բնապահպանական ոլորտում ի ցույց են դրվում Երևանի քաղաքապետարանի բնապահպանական դիլետանտությունն ու ֆինանսական ոչ թափանցիկ հանրային գումարների ծախսը հանրությունից թաքցնելու հանցավոր գործելաոճը: