Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններն են, սա վճռական փուլի հերթական սկիզբն է, երեւանցիները պետք է ընտրեն Երեւանի ապագա 4 տարիների կառավարումն իրականացնող քաղաքական ուժին. Ավանում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նշեց, որ իշխանությունները երեւանցիներին փորձում են ներկայացնել, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն ընդամենը Երեւանի սոցիալ-կենցաղային հոգսերը հոգալու ընտրություններ են: Բայց, նշեց Ա. Մինասյանը, դրանով նրանք փորձում ենք նսեմացնել Երեւանի ավագանու դերն ու նշանակությունը եւ չեն ուզում քաղաքական պայքարի մեջ մտնել կուսակցությունների հետ:
«Մայիսի 5-ին քվեաթերթիկի վրա գրված են լինելու կուսակցությունների անուններ, եւ դուք պետք է քվեարկեք այս կամ այն կուսակցության օգտին: Այսինքն` այս ընտրությունները քաղաքական են: Քաղաքական են նաեւ այն առումով, որ թե’ Երեւանի քաղաքապետը, թե’ ավագանին քաղաքական պաշտոններ են: Եվ նրանք հաշվետու պետք է լինեն բնակչությանը, երեւանցիներին, իրենց քաղաքական կեցվածքի, ծրագրված եւ իրականացրած միջոցառումների համար: Եվ նաեւ այն արդյունքներով դուք պետք է գնահատեք, թե առաջիկա 4 տարիների ընթացքում իրենց ծրագրային դրույթներին համապատասխան որ ուժն է, որ կարողացել է կյանքի կոչել իր տված խոստումները»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը, դիմելով ավանցիներին ու խնդրելով նրանցից, որ Երեւանի առաջիկա 4 տարիների կառավարումը վստահի իրեն, ասաց, որ այդպիսով ՀՅԴ թիմը հնարավորություն կունենա նաեւ հակակշռել երկրում ստեղծված քաղաքական մենաշնորհը.
«Այն, որ ՀՀԿ-ն վերից վար` նախագահից մինչեւ ամենաներքեւի պաշտոնական անձը զբաղված են մեկ բանով, այն է` սեփական նեղ անձնական կլանային շահերով առաջնորդվելով, դա փաստ է: Քվեարկելով Դաշնակցության օգտին, դուք քվեարկում եք հանուն այն բանի, որ փոխվի այդ վիճակը, որ երկրում վերջապես հաստատվի արդարություն, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իսկապես իրացնել իր իրավունքները, ունենա աշխատանք, արժանապատիվ վաստակելու հնարավորություն, ապրել ապահով, պաշտպանված Երեւանում, եւ որպեսզի Հայաստանի մյուս մարզերը կարողանան օրինակ վերցնել Երեւանից: Այնպես որ` ձեր գործողությունից կախված է նաեւ Հայաստանի հետագա զարգացումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, թե իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ սա Տարոն Մարգարյանի ընտրություններն են, սակայն այդպես չէ, ու հավելեց` «Տարոն Մարգարյանը շատ լավ տղա է, լավ անձնավորություն, լավ մարդու զավակ, բայց սա Տարոնի ընտրությունը չէ: Սա Տարոնին եւ հետագա քաղաքապետերին նշանակողի ընտրություն է»:
Իսկ ՀՅԴ-ի օգտին պետք է քվեարկել, նշեց պատգամավորը, որովհետեւ իրենց համար գերակա արժեքը Հայաստանի քաղաքացին է, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում հիմնական խնդիրը երեւանցու արժանապատվությունը վերադարձնելն է: