կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-29 17:42
Քաղաքական

Ավանում Տարոնին չգովեց

Ավանում Տարոնին չգովեց

Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հարազատ Ավան վարչական շրջանում էր, ինչը չէր կարող թեմա չլինել ՀՊՃՀ ռեկտոր, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանի ելույթի համար:

 

Նա անգամ նշեց, որ իր այսօրվա ելույթը տարբերվելու է իր նախորդներից, որ այսօր տանն են, եւ որ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում, հատկապես` Ավանում Տարոն Մարգարյանը հաղթելու է ձայների մեծ առավելությամբ: Թոքմաջյանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանն իր հոր` Անդրանիկ Մարգարյանի նման հատկապես Ավան վարչական շրջանում մի շաքր պարտականություններ է կատարել եւ, ըստ այդմ, իրավունքներ ստացել, նաեւ` քվե ստանալու իրավունք:

 

Ի տարբերություն այլ վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումների, Ավանում Թոքմաջյանը Տարոն Մարգարյանի հասցեին գովեստի խոսքեր չշռայլեց, անգամ չհիշատակեց, որ չնայած 35 տարեկան հասակին, նա 5 երեխաների հայր է: Նա գովեստի խոսքեր չասաց` հայտարարելով, որ «դրանք արժեզրկված են», եւ որ յուրաքանչյուր ավանցի իրենից 10 անգամ ավելի կարող է գովել: Թոքմաջյանն ավանցիներին առաջարկեց մայիսի 5-ը տոն սարքել:

 

Ելույթով հանդես եկավ նաեւ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Նա էլ հայտարարեց, որ մայիսի 5-ը լինելու է պատվախնդրության օր, եւ որ ավանցին արդեն կատարել է իր աշխատանքը:

 

Ուշագրավ է, որ ավանցիների հետ հանդիպմանը ներկա չէր նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ նա այլեւս Տարոն Մարգարյանին պետք չէ: