Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ: Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների առթիվ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ներկայացված ստեղծագործությունների քանակը եւ որակն ապացուցում են, որ ստեղծագործական կյանքը մեր երկրում զարգացում է ապրում. «Մենք ունենք հզոր երիտասարդական ներուժ։ Նրանք սիրում են ստեղծագործել, հանդես են գալիս նոր մտքերով ու գաղափարներով, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում։ Պատվաբեր է ներկայացված լինել նկարիչների միությունում, և այսօր երիտասարդներին այդ հնարավորությունը տրված է»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ միության դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջև։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ ընդհանրապես այն մարդկանց, ովքեր այսօր ձեռք են մեկնում երիտասարդներին՝ աջակցելով նրանց ստեղծագործական ճանապարհին:
Երիտասարդ քանդակագործ Մուշեղ Պետրոսյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Տարածական ճեղքում» վերնագրված իր քանդակը։ Այդ ստեղծագործությամբ նա ցանկացել է պատկերել անցումը մի հարթությունից մյուսը։ «Քանդակը ստեղծելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվել, սակայն շատ երկար օրեր են պետք եղել գաղափարը հղանալու ու դրա շուրջ մտածելու համար»,- ասաց Պետրոսյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների: