կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 13:45
Քաղաքական

ՀՀԿ-ն լավ ծրագրեր է ներկայացնում, դրա համար միշտ հաղթում է. Մկրտիչ Մինասյան

ՀՀԿ-ն լավ ծրագրեր է ներկայացնում, դրա համար միշտ հաղթում է. Մկրտիչ Մինասյան

Ասել, որ նոյեմբերի 5-ի իրադարձությունները եւ Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» ընդհանրապես չեն անհանգստացնում ՀՀԿ-ին, ճիշտ չի լինի, բայց նաեւ պետք է ասել, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ մի որեւէ զանգված իշխանությունների գործունեությունից դժգոհ չլինի: Այլ հարց է, թե դա ինչպես է դրսեւորովում. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` շարունակելով միտքը, թե Շանթ Հարությունյանի գործողությունները, հեղափոխությունը մեր ժողովրդի համար չեն:

 

«Այդ ճանապարհը, հեղաշրջման ճանապարհը մեր ժողովրդի ճանապարհը չէ: Ես քաղաքական առումով կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն միայն քաղաքական գործունեությամբ»,- շեշտեց նա:

 

Մեր դիտարկմանը, թե ընտրությունների, օրինակ` Արարատի ընտրությունների արդյունքներով էլ են քաղաքական գործիչները գալիս այն դիրքորոշմանը, որ քաղաքական գործընթացներով փոփոխության հասնել հնարավոր չէ, հատկապես, երբ կոնկրետ Արարատի համար նշվում է, որ իշխանություններն աննախադեպ ռեսուրսներ են այնտեղ կենտրոնացրել, որ ընտրակաշառք է բաժանվել եւ այլն, Մկրտիչ Մինասյանը հակադարձեց, թե այդ նույն մարդիկ պետք է գիտակցեին, որ երբ շատ ավելի մեծ համայնքի ղեկավար ընտրվում էր իրենց կուսակցության անդամը, որեւէ մեկն իրեն թույլ չտվեց ասել, որ կան ընտրախախտումներ:

 

Պատգամավորը նշեց, որ լավ չեն աշխատում, կենսունակ ծրագրեր չեն ներկայացնում ու իրականացնում,  հետո մեղքը գցում են ընտրախախտումների, ընտրակաշառքի վրա: Լրագրողները հետաքրքրվեցին' այդ դեպքում ՀՀԿ-ն ավելի լուրջ ու կենսունակ ծրագրե՞ր է ներկայացնում ու իրականացնում: Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Հանրապետականն արդեն կայացած կուսակցություն է` բավական լուրջ մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրսով, իր հաջողություններով ու բացթողումներով, իր արածն ու չարածն իրենից չվանելով, քանի որ կան մարդիկ եւ ուժեր, ովքեր լավ բաները վերագրում են իրենց, իսկ իրենց չարածները` ՀՀԿ-ին»:

 

Ինչ վերաբերում է միահեծան իշխանության պայմաններում ռեֆորմատորների թիմ ձեւավորելու եւ երկրում բարեփոխումների լուրջ ու բուռն գործընթաց սկսելու հարցին, Մկրտիչ Մինասյանը նշեց, թե ՀՀԿ-ն տեսնում է երկրում թերություններն  ու բացթողումները եւ ամեն ինչ անելու է այդ բացթողումները վերացնելու համար, այդ թվում` նաեւ սերնդափոխության եղանակով:

 

Դիտարկմանը, թե վերջին օրինակը` Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում վերանշանակելու առաջարկն է, Մկրտիչ Մինասյանը մոտեցավ, իր բնորոշմամբ, հակառակ ծայրից.  «Ենթադրենք` մարդն ասել է որոշ բաներ ու որոշ բաներում գույները խտացված են եղել: Հիմա էլ եթե Իշխան Զաքարյանին ազատեին աշխատանքից, պետք է հակառակն ասեին, որ բացթողումները բացահայտած մարդուն չեն թողնում որ աշխատի, որ քաղաքական հետապնդումներ են իրականացնում նրա նկատմամբ եւ այլն»: