Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մհեր Մկրտչյանի մասին ռուսական հեռուստաընկերության թոք-շոուն ցնցել է հայաստանցիներին: Իբր՝ էդ հաղորդման մեջ որտե՞ղ էր Մհեր Մկրտչյանը: Ինչո՞ւ էին հաղորդման հեղինակներն անընդհատ գնում սենսացիաների հետեւից, այլ ոչ թե մեծ դերասանի ստեղծագործության: Հայկական հեռուստաընկերություններից մեկը հանդիպել է Մհերի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հետ, որը դժգոհել է, որ իրեն չեն հրավիրել Մոսկվա` մասնակցելու այդ թոք-շոուին: Լրագրողը պարզաբանում է. «Ինքը (Ալբերտ Մկրտչյանը-Ս. Հ.) կարող էր շրջել հաղորդումը իրական փաստերով, ու հաղորդման հեղինակները զրկվեին սենսացիա ստանալու հնարավորությունից»:
Արդեն հաղորդման եթեր գնալուց հետո Ալբերտ Մկրտչյանն ասում է. «Դա այլանդակություն էր»: Պարզվում է` հաղորդումը սարքվել է «արտաքին ասեկոսեների վրա»: Այստեղ կանգ առնենք, հընթացս հավելելով, որ հաղորդման հյուրերի մեջ էին դերասանի միակ թոռնուհին, դերասան, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը կնոջ հետ եւ այլ մարդիկ: Հաղորդման հեղինակը ռուսներն են, НТВ հեռուստաընկերությունը, որը հենց սենսացիաների սիրահար է: Ուրեմն` ինչո՞ւ հաղորդումը չպետք է սարքվեր «արտաքին ասեկոսեների վրա»: Մարդիկ հաղորդում են պատրաստել սովետական կինոյի լեգենդի մասին, որը չկա: Հետեւաբար, բացակա մարդու վրա է սարքվում սենսացիան, քանի որ ինքը որեւէ կերպ չի կարող արձագանքել, իսկ մյուսները հետաքրքիր են հենց սենսացիաները լրացնելու առումով: Ինչո՞ւ են զարմացել հայերը: Իսկ ի՞նչ պետք է անեին ռուսները, որ չեն արել: Նրանք վերցրել են ինքնին հռչակավոր մեկին: Դա հաղորդման գլխավոր փաստն է, մնացածը, բնականաբար, պետք է սարքվի ըստ մտահղացման: Իսկ մտահղացումը հենց սենսացիաներն են, նույնիսկ եթե դրանցից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում: Ընկերնե'ր, դա թոք-շոու է, ոչ թե պատմության դասագիրք, թոք-շոուների ժամանակ բարոյականությունը հաշիվ չէ, էլ չեմ ասում, որ մեծ հարց է, թե ինչն է ընդհանրապես բարոյական, եւ ինչը՝ ոչ:
Ռեպորտաժը, որն «Արմնյուսը» պատրաստել էր Ալբերտ Մկրտչյանի հետ, նույնպես սենսացիայի ոլորտից էր, ոչ թե ճշմարտության: Դա էլ «Արմնյուսի» սենսացիան էր, որը հաղորդում պատրաստելու իր մտակերտվածքով քիչ է տարբերվում НТВ-ից: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, եթե ռուսներն ապականել են Մհեր Մկրտչյանի կերպարը, դա մեր Մհեր Մկրտչյանն է եւ ոչ թե նրանց: Իսկ մենք ունե՞նք մեր հակընդդեմ Մհեր Մկրտչյանը: Իհարկե՝ ոչ: Բոլորին հայտնի են դետալներ՝ նա հարբեցող էր, կինը հոգեբուժարանում է, տղան անբուժելի հիվանդ էր, ինքն էլ մահացավ` տան սեղանի վրա հակված: Մենք մեր Մհեր Մկրտչյանը չունենք: Բոլորն ասում են՝ հանդիպեցինք Մհերին, կանչեցինք խմելու: Ահա հայ մարդու կողակից Մհեր Մկրտչյանը:
Իսկ ի՞նչ են արել ռուսները: Ո՞վ էր «լայեղ» արել կապ հաստատել նրա թոռնուհու հետ, հրավիրել Հայաստան, իմանալ ոնց է ապրում, ինչով կարող են օգտակար լինել: Այդ աղջիկն, ի վերջո, շառավիղ է, մեր համար էլ կարեւոր է, որ Մհերի «արյունը չպակասի»: Հետեւաբար, ռուսները սխալ ոչինչ չեն արել: Նրանք աշխատել են ժամանակակից հեռուստատեսության կանոններով, նրանք արել են ավելին, քան մեր բոլոր թոք-շոուները` միասին վերցրած: Այո, «փորփրել» են զզվելի բաներ, բայց չեն կարողացել ավելի ապականել Մհերին, քան մենք արել ենք: Այն, թե որտեղ եւ ինչպես մահացավ Մհերը, մեզ հերիք է: Նրանք՝ ռուսները, յուրովի արժեւորել են սովետական կինոյի լեգենդին: Նրանք ոչ մեկին աչքաթող չեն արել, նրանք եւս մեկ օր բոլորիս դարձրել են Մհեր Մկրտչյանի ժամանակակիցը: Այլ հարց է, որ ստացվել է ինչպես միշտ:
Սեյրան Հանոյան