կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 13:45
Քաղաքական

Մեր հենարանը հայ աշխատավոր քաղաքացին է. Լևոն Մկրտչյանը՝ իջևանցիներին

Մեր հենարանը հայ աշխատավոր քաղաքացին է. Լևոն Մկրտչյանը՝ իջևանցիներին

Երեկ Իջևանում կայացավ ՀՅԴ բազմամարդ հանրահավաքը:  ՀՅԴ Բյուրոյի անդամ, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դիմելով իջևանցիներին, շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար: Նա նշեց, որ ավարտին է մոտենում քարոզարժավը, և ժողովուրդը կարողացավ այս ընթացքում հետևել քաղաքական ուժերի և՛ ծրագրերին, և՛  գործելաոճին:

«Մոտենում ենք մեր ժողովրդի, մեր պետության համար շատ կարևոր մի ընտրության: Ապրիլի 2-ին ընտրվելու է ոչ միայն հերթական Ազգային ժողոովը, այլև մենք առաջին անգամ, Հայաստանի անկախության օրվանից սկսած, ընտրելու ենք խորհրդարանական հանրապետության կառուցվածքը»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց.  «Ես այս մտավորական քաղաքում՝ Իջևանում, դիմում եմ ձեզ, սիրելի' ժողովուրդ, ճիշտ կողմնորոշվեք և ՀՀ քաղաքացու համար ամենաթանկ բաներից մեկը՝ սեփական ձայնը, տվեք ձեր խղճով, որովհետև այս ընտրությունը որոշելու է առաջիկա 5-10 տարիների մեր ապրելակերպը»:

Ապա Մկրտչյանը կոչ արեց քվեարկել ՀՅԴ-ի օգտին, որովհետև Դաշնակցությունը 125 տարի քայլում է իր ժողովրդի հետ: «Ե'վ դժվարությունների ժամանակ է Դաշնակցությունը ժողովրդի մեջ, ժողովրդի հետ  եղել, և' հաջողությունների ժամանակ է կիսել դրանք ժողովրդի հետ: Սա այն կուսակցությունն է, որը երբեք իր սկզբունքներին չի դավաճանել, իր անունը չի փոխել, սա այն կուսակցությունն է, որի համար գաղափարախոսության կարևոր հիմնադրույթը հայ տեսակի շարունակությունն է»,- ընդգծեց նա:

Մկրտչյանը նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ լավ խոստումներ են տալիս, ապա հորդորեց, որ նայեն այդ կուսակցությունների անցյալին,  ընթացքին և տեսնեն՝ որ կուսակցությունն ի՞նչ ընթացքով է շարունակել իր ուղին գոնե վերջին մի քանի տարիներին:

«Հայաստանի անկախության տարիներից Դաշնակցությունը, մտնելով Հայաստան, կանգնեց իր ժողովրդի կողքին:  Մենք առաջիններից մեկն էինք, որ պնդում էինք ՀՀ-ն պետք է լինի դեմոկրատական, խորհրդարանական հանրապետություն: Այս ընթացքում մենք ձեր կողքին ենք եղել և մեր նվիրվածությամբ, պահելաձևով, աշխատանքով ցույց ենք տվել, որ դուք, ի դեմս Դաշնակցության, ունեք հավատարիմ լուրջ ընկեր, որը քայլելու է և որի ներկայությունը խորհրդարանում երաշխավորելու է, որ փոքրիկ Հայաստանը համայն հայության գուրգուրանքի կենտրոնում է լինելու»,- ասաց նա՝ ընդգծելով՝ իրենց հենարանը հայ աշխատավոր քաղաքացին է՝ լինի ուսուցիչ,  բանվոր, գյուղացի,  գործարար, այն մարդը, ով, իր հողի վրա  ամուր կանգնած, աշխատանքով փորձում է երկարացնել այս ժողովրդի գոյությունը դարերի մեջ:

«Դուք եք մեր հենարանը, սիրելի' ժողովուրդ, և եթե այսօր մեզ ուժ տաք, ձեր ձայնը տաք ՀՅԴ-ին, վստահ եղեք, դրա պատասխանը ստանալու եք, ստանալու եք ոչ թե խաբկանքի, ոչ թե խոստումների ձևով, այլ, ի դեմս Դաշնակցության, դուք կունենանք լուրջ, կայուն հենարան»,- խոսքն ամփոփեց Մկրտչյանը: