Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Ի՞նչ ես ուզում դառնալ:
-Զինվոր:
- Ինչո՞ւ:
- Որ կրակեմ:
- Ո՞ւմ վրա կրակես:
- Ծիտիկներին:
***
6-ամյա Համլետը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բաց դպրոցի 9 առաջին դասարանցիներից մեկն է: Մինչև դպրոց հաճախելը նա նախակրթարանում է սովորել, որից հետո, ըստ նրա, «ուզելով» սկսել է դպրոց հաճախել: Համլետն ասում է` կողքի նստած գեղեցկուհի համադասարանցուն պաշտպանելու է, ոչ մեկին չի թողնի, որ նեղացնեն նրան: «Պիտի գերազանցիկ դառնամ, որ գովասանագիր ստանամ: Իսկ դրա համար պետք է բոլոր առարկաները լավ սովորեմ: Հա, ինչ, կսովորեմ»,- ասում է տղան:
Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բաց դպրոցը փոքրաթիվ աշակերտներ ունի, սակայն դպրոցը հպարտանալու տեղ ունի` ավարտածների մեծ մասն ընդունվում են բարձրագույն բուհեր: Այսօր դպրոց էր այցելել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` առաջին դասարանցիներին իր ողջույնի խոսքը հայտնելու: Ծաղկունքի դպրոցն իր բնույթով տարբերվում է սովորական դպրոցներից, այնտեղ երեխաները նաև գեղագիտական կրթություն են ստանում, իսկ դասերից հետո դպրոցի շենքը ծառայում է համագյուղացիներին` որպես ակումբ, գրադարան…
Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց դպրոցի աշակերտները 5 տարի ուսումնասիրում են բեմական արվեստ, կերպարվեստ, քանդակագործություն, դիզայն: «Դպրոցը որևէ խնդիր չունի, քանի որ «Դար» հիմնադրամի միջոցով այն հիմնանորոգվել է, ջեռուցման համակարգ է քաշվել: Տեսեք` դպրոցն ունի 124 աշակերտ, սակայն աշակերտների` նման քիչ թիվը կրթության որակի վրա ամենևին էլ չի ազդում: Ավելին` մեր աշակերտները, Երևանում սովորելով, հետ են վերադառնում գյուղ, և հիմա ունենք ավարտած սաներ, ովքեր աշխատում են մեր դպրոցում»,- ասաց տնօրենը:
ԿԳ նախարարն էլ, շնորհավորելով Գիտելիքի օրվա առիթով, նշեց, որ մեր ժողովուրդը դարերով ապացուցել է իր նվիրվածությունը կրթությանը: Ըստ նախարարի` ընտանիքները նման գյուղերում իրենց վերջին խնայողությունն են ծախսում, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան: «Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք նրանց որակյալ կրթությունն ապահովել: Հանրապետության հարյուրավոր գյուղեր ունեն փոքրաթիվ աշակերտներով դպրոցներ, և, իմ պատկերացմամբ, այդ դպրոցների ապագան հենց Ծաղկունքի դպրոցի նման ուսումնական հաստատության վերածվելն է` կոկիկ, մաքուր, բացի այդ` այս դպրոցը նաև համայնքի մշակութային կենտրոնն է: Շենքային պայմանները հիանալի են շնորհիվ բարերարի` գյուղում հայտնի Աղաջանյան ընտանիքի: Բացի այդ` դպրոցի այս ձևը, որտեղ գեղարվեստական կրթություն է մատուցվում, իսկ դասերից հետո այն ակումբ է դառնում, հեռանկարային է մեզ համար` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ սա է: Մենք պետք է հասկանանք, որ փոքր բնակչություն ունեցող գյուղերը մեր ազգային արժեքներն են»,- ասաց ԿԳ նախարարը:
Նախարարն այնուհետև շրջեց դպրոցով` ծանոթանալով աշակերտների ձեռքի աշխատանքներին` կավե քանդակներ, նկարներ` ափսեների, պլաստիկ ձայնասկավառակների վրա, թղթից յուրահատուկ պատկերներ:
Մեզ հետ զրույցում դպրոցի առաջին դասարանցիներից Անգելինան էլ անկեղծացավ` այնքան էլ պատրաստ չէ խաղերի ժամանակը դասերը պատրաստելուն տրամադրել, բայց կամաց-կամաց կսովորի` շատ էր ուզել դպրոց հաճախել: «Մանկապարտեզում, օրինակ, արդեն ամիսները սովորել ենք, բայց տառերը չսովորեցինք: Ես ուզում էի դպրոց գալ, որ հետո էլի մեծանամ ու բժիշկ դառնամ` էն սրսկող բժիշկներից: Մի անգամ ինձ երեք անգամ սրսկել են, բայց ես չեմ լացել, ու ուրիշին էլ կարող եմ սրսկել, չեմ վախենում: Պիտի բոլորին բուժեմ»,- ասաց Անգելինան: