կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-05 15:34
Քաղաքական

Հետախույզներն ու հատուկջոկատայինները ցուցադրեցին իրենց մարտական ունակությունները

Հետախույզներն ու հատուկջոկատայինները ցուցադրեցին իրենց մարտական ունակությունները

Այսօր Հետախույզի օրն է: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունն այսօր կազմակերպել էր տոնական միջոցառումներ եւ մարտական զենքի, տեխնիկայի, սպառազինությունների եւ հետախույզներին ու հետախուզությանը նվիրված ցուցադրություններ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց հայ հետախույզներին, մասնագիտական օրվա առթիվ' նրանց մաղթելով անամպ թռիչք ու խաղաղ ծառայություն:

 

ՊՆ N զորամասում, որը հատուկ նշանակության եւ օդադեսանտային զորքերի մարզումներ իրականացնելու զորավարժարան եւ ռազմական օդանավակայան է, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՊՆ մի շարք գեներալների, բարձրաստիճան զինվորականների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին ու հյուրերին, բացի զենքերի, հանդերձանքի, սպառազինությունների ու տեխնիկական հագեցվածության միջոցների ցուցադրությունից, ներկայացվեցին նաեւ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամիավորումների մարտիկների ունակություններն ու մարտական պատրաստվածության վարժություններ:

 

 

 

 

Հատուկջոկատայիններն ու հետախույզները ցուցադրեցին բացառիկ հնարքներ ու բարդ մարտական վարժություններ' զենքի կիրառմամբ, պարաշյուտային թռիչքներ ու դեսանտի նստեցում, հակառակորդի հենակետի գրավում, դիրքերի զբաղեցում հակառակորդի թիկունքում, հարձակում շարասյան վրա եւ այլն: Ցուցադրության ժամանակ կիրառվեց մարտական թեթեւ ու ծանր տեխնիկա, ռազմական ավիացիա, հատուկ միջոցներ...

 

Ֆոտոռեպորտաժը դիտե'ք այստեղ:

 

 

 

Այս ցուցադրությունը յուրահատուկ էր նրանով, որ Հայաստանում զորավարժությունների ժամանակ ռեկորդային' թվով 40 օդադեսանտայիններ միանգամից պարաշյուտային թռիչք ու դեսանտի նստեցում կատարեցին, ինչպես նաեւ հատուկ նշանակության զորաջոկատների մարտիկները առավելագույն բարձրությունից ազատ անկումով պարաշյուտային թռիչքներ ցուցադրեցին:

 

 

 

Վերջում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրատվամիջոցների հետ զրույցում մեկ անգամ եւս շնորհավորեց հետախույզներին ու նշեց, որ նրանք այսօր ի վիճակի են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները: