կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 16:30
Քաղաքական

Ո՞ւմ ուղղությամբ գուշակեմ, Սերժ Սարգսյանի՞. Փաշինյանը` փոխքաղաքապետին

Ո՞ւմ ուղղությամբ գուշակեմ, Սերժ Սարգսյանի՞. Փաշինյանը` փոխքաղաքապետին

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց ուղղեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին:

 

«Ինչո՞ւ ավագանին չի ներկայանում բյուջեն քննարկելիս, կա՞ ինչ-որ խնդիր: Մի մարզպետ էլ կար, որ շարունակ չէր ներկայանում ո'չ բյուջեին, ո'չ էլ կատարողականին, գործից հանեցին, այնպես որ` դա լավ նշան չէ: Վերջին շրջանում իրավիճակներ են լինում, երբ, ասֆալտապատման հետ կապված, մարդիկ ժամերով մնում են խցանումների մեջ, որովհետև իշխանությունը չի տիրապետում որոշ հաշվարկերի: Աղջիկներ ու կանայք ժամից ավելի կռացած են մնում հանրահայտ երթուղայիննների մեջ: Ինչո՞ւ բյուջետային միջոցները նպատակային չեն ծախսվում, որ քաղաքացիներին սթրեսի չենթարկեն: Թե՞ ուզում եք` բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում: 14 տարի է ասվում է, որ Մաշտոցի պողոտայում պետք է տեղադրվի Դեմիրճյանի արձանը, դա ի՞նչ մի բարդ բան է, որ այդ ոչ մեծ պրոյեկտը չեք կարողանում իրականացնել: Քաղաքական ենթատեստ կա՞: Քանի՞ մարդ է գործազուրկ դարձել` ավտոկայանատեղիների փոփոխման կարգի հետ կապված»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

 

Կամո Արեյանը նշեց, որ քաղաքապետը չի ներկայացել, քանի որ նրա հանձնարարությամբ և լիազորությամբ բյուջեի նախագիծը ներկայացնում է ինքը: «Ինչ վերաբերում է կենդանակերպի նշաններին ու ձեր գուշակություններին, ապա գուշակեք այլ ուղղությամբ և այլ անձի շուրջ»,- ասաց նա:

 

Այստեղ Փաշինյանը հարցրեց` ո՞ւմ ուղղությամբ, Սերժ Սարգսյանի՞:

 

Ասֆալտապատման հետ կապված խցանումների մասին հարցին ի պատասխան, Կամո Արեյանը ներկայացրեց երեսուն փողոցների հիմնանորոգման փաստը, որը ենթադրում էր լուրջ ծավալի աշխատանքներ և փողոցների ծանրաբեռնվածության մեծացում: Սակայն արվել է առավելագույնը, որ ավելորդ անհարմարություններ չստեղծվեն քաղաքացիների համար. աշխատանքները տարվել են գիշերային ժամերին, շաբաթ և կիրակի օրերին:

 

«Իրոք, եղել են դեպքեր, որ անհարմարություններ են եղել, բայց մարդիկ գիտակցել են, որ դա արվում է ի շահ քաղաքի բարեկարգման: Այս տարի աշխատանքներն ավելի կազմակերպված են եղել, քան նախորդ տարիներին»,- ասաց Կամո Արեյանը:

 

Կարեն Դեմիրճյանի արձանի հետ կապված` նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը, բացի ընդառաջելուց, որևէ խոչընդոտ չի հարուցել, և ցանկացած պահի, երբ պատրաստ կլինի արձանը, քաղաքապետարաի կողմից կարվեն բոլոր միջոցառումները այն համապատասխան տեղում և հնարավորինս արագ տեղադրելու ուղղությամբ: Արեյանը չցանկացավ ասել, թե արձանի ֆինանսավորումը որտեղից է գալիս:

 

Խոսելով ավտոկայանատեղիների կարգի փոփոխման հետեւանքով գործազուրկ դարձած մարդկանց մասին` նա նշեց, որ այդ մարդկանց գերակշիռ մասը տվյալ աշխատանքի արտոնություն չի ունեցել, դա չի եղել գրանցված աշխատանք, որ հետո էլ գրանցվեր` որպես գործազրկություն: