կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-22 18:43
Հասարակություն

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հերքում է փոխքաղաքապետին

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հերքում է փոխքաղաքապետին

Տրանսպորտի թանկացան հետ կապված տարբեր բաղադրիչներ կան, որոնք հանձնաժողովի կողմից քննարկվում են, ուսումնասիրություններ են կատարվել անհատ կազմակերպությունների կողմից ուղեւորահոսքի ուղղությամբ, այսինքն' շարունակվում են հանձնաժողովի աշխատանքները: Քննարկումների ավարտից հետո պարզ կլինի, թե  ինչ վիճակ կլինի տրանսպորտի հետագա սպասարկման հարցում: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

 

Մեր խնդրանքով անդրադառնալով հասարակության շրջանում շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկա ամիսներին Երևանում կարող է վերանալ տրանսպորտի՝ 100 դրամ միասնական սակագինը, եւ վարկածներից մեկն այն է, որ կներդրվի բազմագնային համակարգ, ավելի ծանրաբեռնված ու վատ սպասարկվողը կլինի ավելի էժան, իսկ լավ սպասարկվողը, օրինակ, 150 դրամ, եւ ավելի նորմալ երթեւեություն կկազմակերպվի, Հենրիկ Նավասարդյանը նշեց, թե այդպիսի բան չի կարող լինել:

 

«Հասարակության կողմից շրջանառվող այդպիսի խոսակցությունների պատասխանը ես չեմ կարող տալ, ցանկացած մարդ կարող է ցանկացած բան ասել, բայց նման բան հաստատ չի կարող լինել' ծանրաբեռնվածը՝ էժան, ոչ ծանրաբեռնվածը՝ թանկ: Կարող են լինել զեղչային տարբերակներ, արտոնություններ, նման բաներ հնարավոր են, բայց ինչ-որ ծանրաբեռնվածն ավելի էժան, քան ոչ ծանրաբեռնվածը, նման բան չի կարող լինել: Դրանք ուղղակի խոսակցություններ են»,- ընդգծեց Նավասարդյանը:

 

Շրջանառվող խոսակցություններն, ի դեպ, սկիզբ էին առել այն բանից հետո, երբ դրա մասին «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերներին հայտնել էր Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Ըստ այդմ' մայրաքաղաքային իշխանությունները քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը, օրինակ՝ կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, իսկ բաժանումները, ըստ փոխքաղաքապետ Նիկոյանի, կկատարվեն ըստ ծառայությունների որակի։

 

«Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետն ասել էր, որ այս ուղղությամբ այժմ աշխատանքներ են տանում միջազգային խորհրդատուները, եւ տրանսպորտային համակարգի հատուկ մոդել կմշակվի, ըստ որի՝ ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային կլինի։

 

Ստացվում է' Երեւանի փոխքաղաքապետին այսօր հերքեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը: Եվ դժվար է ասել, թե ով է ավելի անկեղծ, եւ ով է իրականությանը համապատասխանող տեղեկություն հայտնում...

 

Ինչեւիցե, Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեցինք' իսկ հանձնաժողովում հասարակական տրանսպորտի սակագնի ամենաքննարկվող տարբերակը ո՞րն է: Նա կտրուկ պատասխանեց, թե չկա նման տարբերակ, որի շուրջ պետք է համաձայնության գալ, ըստ նրա՝ ամեն ինչ պարզ կլինի հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո: Մեր հարցին էլ' հանձնաժողովն ավելի շատ թանկացմա՞ն, թե՞ չթանկացման է հակված, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը պատասխանեց'.«Հանձնաժողովը ոչ մի բանի էլ հակված չէ, սպասարկողներն են' չեն կարողանում սպասարկել, դժգոհություններ կան, որի պատճառով հանձնաժողովն ուսումնասիրում է»: