Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի:
Հանդիպմանը տիար Ջոզիկյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացվող հերթական ծրագիրը` սիրիահայ մանուկներից կազմված երգչախումբը, որից հետո փոքրիկները Նորին Սրբության համար կատարեցին Կոմիտասի «Մանկական աղոթքը»:
Այնուհետև, երգչախմբին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` նաև գնահատանք հայտնելով սիրիահայ մանկանց կրթության ազնիվ գործին իրենց մասնակցությունը բերած մարդկանց:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի հայ համայնքի և Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի վիճակին: Վեհափառ Հայրապետն ավելի մոտիկից ծանոթացավ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի կյանքի պայմաններին ու խնդիրներին` վստահեցնելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով պիտի շարունակի զորակցել սիրիահայերին և դժվարին այս կացության մեջ իր օգտակարությունը բերել նրանց:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական խրատներով ոգևորեց մանուկներին` պատգամելով իրենց ազգի արժանավոր զավակները լինել և պայքարել, որպեսզի ողբերգությունները տեղ չգտնեն մարդկության կյանքում և միայն ուրախությունն ու բերկրանքը լինեն իրենց կյանքի ուղեկիցը: