կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-23 19:24
Մշակույթ

Սարդարապատ գյուղի մանուկները՝ Թումանյանի հեքիաթների դերակատարներ

Սարդարապատ գյուղի մանուկները՝ Թումանյանի հեքիաթների դերակատարներ

Սարդարապատ գյուղը բնակչության թվով, թերևս, ամենամեծ գյուղական համայնքն ՀՀ Արմավիրի մարզում, և տեղի դպրոցում աշակերտության թիվն անցնում է վեց հարյուրից: Հենց այս դպրոցում էր Թումանյանական հոբելյանական միջոցառումներից մեկը, որին ներկա էին ոչ միայն աշակերտներ և ուսուցիչներ, ծնողներ ու համայնքի բնակիչներ, այլև հրավիրյալ մտավորականներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, բարձրաստիճան զինվորականներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ: Իսկ օրվա հերոսները մանկտիք էին՝ երրորդ դասարանում սովորող մանչուկները՝ բոլորը թումանյանական հերոսների դերակատարումներով, հերոսներ, որ առնված էին Ամենայն Հայոց բանաստեղծի գրական ժառանգության էջերից՝ հեքիաթներից, բանաստեղծություններից: Հյուրերին աղ ու հացով դպրոցի շեմին դիմավորող և ողջունող հայոց տարազներով մանուկների ձայները ականջներում՝ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանի ուղեկցությամբ հյուրերը դահլիճ տանող ճանապարհին հայտնվում էին թումանյանական մեկ այս, մեկ այն հանրահայտ ստեղծագործությունների «աշխարհում»: Մեկ Քաջ Նազարն էր իր դրոշով հորանջում ճանապարհին փռված հայկական զարդանախշերով կարպետին, մեկ շունն ու կատուն էին իրենց հավերժական կռիվը տալիս, մեկ, ոնց «Հին օրհնության» մեջ է, իմաստուն հայրերն էին կողք-կողքի շարված օրհնության թասը խմում... Հետո արդեն դպրոցական դահլիճի բեմին պիտի արտասանվեին հատվածներ Թումանյանի բանաստեղծություններից, ներկայացվեին հեքիաթներ՝ մեկը մյուսին սահուն անցումներով, մանկական ձայների զուլալությամբ: Իրենց աշակերտներին դերասանական խաղի առաջին դասերն էին տվել դասվար Ժանետա Գասպարյանը և երաժշտության ուսուցչուհի Սաթիկ Թովմասյանը: Վերջինիս ղեկավարած դպրոցական երգչախումբը ևս հանդես եկավ ցերեկույթի թեմային համահունչ ելույթով:

Մանուկներին և իրենց ուսուցիչներին, ծնողներին ու համայնքի անդամներին ողջունեցին հյուր եկած մտավորականները՝ դպրոցին ընծայելով Թումանյանի մասին վերջերս վերահրատարակված  հուշագրություններ, բանաստեղծի ընտանիքի և զավակների մասին պատմող աշխատություն, մանկական գրքեր: Օրը տոնական էր Սարդարապատի դպրոցի համար, և այդ տոնը յուրաքանչյուր մանուկ պիտի տաներ իր տուն՝ ամբողջ կյանքի համար պահպանելով սեփական դերակատարման ժամանակ իր ապրածն ու զգացածը, իր ծնողի հպարտությունը, իր ուսուցչի հավանությունը...

 

Հասմիկ Սարգսյան