կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 16:13
Առանց Կատեգորիա

Ռինգում ծանրքաշայիններն են

Ռինգում ծանրքաշայիններն են

Խոսքը իսկական ռինգի և իսկական ատլետների մասին է: Ռինգը «Զվարթնոց» օդանավակայանի VIP սպասասրահն է, որի կարմիր անկյունում Գագիկ Ծառուկյանն է, իսկ կապույտում` Արթուր Բաղդասարյանը: Մենամարտի կազմակերպիչներն անհայտ են: Մենամարտի միակ կանոնն էլ այն է, որ այդ մենամարտում կանոններ չկան: «Box» հրահանգը հնչել է Բրյուսելից վերադարձող նախագահ Սարգսյանի ինքնաթիռի վայրէջք կատարելուց կես ժամ առաջ:

 

Ո՞վ է հնչեցրել հրահանգը` մնում է անհայտ, թեև հայտնի է, որ դիմավորողների մեջ են եղել այնպիսի կարկառուն դեմքեր, ինչպիսիք են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը և, այ քեզ ճակատագրի հեգնանք` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով, եթե այդ պահին մի բան էլ պետք է ձեռնարկեր, դա այն էր լինելու, որ հայտնաբերեր մենամարտի կազմակերպիչներին:

 

Ինչ-որ է, օրենքից դուրս կազմակերպված մենամարտն ընդհատվել է միայն նախագահ Սարգսյանի վայրէջք կատարելու պահին, որովհետև նախապես «Զվարթնոցում» տղերքի հավաքվելու բուն շարժառիթը նախագահին դիմավորելն է եղել: Էդ է` բարով-խերով դիմավորել են, ժպտացել, ձեռքը սեղմել, իսկ երբ նախագահը գնացել է, իրենք էլ արագ նստել են իրենց մեքենաներն ու հայ դա` տներով: Թե երբ և որտեղ կշարունակվի մենամարտը, որը, ականատեսների պատմելով ու որոշ կայքերի գրելով, բավականին բուռն սկիզբ է ունեցել (մեր ու կնիկ հայհոյելով), չենք կարող ասել: Գիտենք միայն, որ երկու հայ իշխանի գլուխ երբեք մի կաթսայի մեջ չի եփվում:

 

Հույս կա, որ նախագահը առաջիկա որևէ քեֆի սեղանի շուրջ կխոսի ատլետների հետ և կփորձի դադարեցնել այդ անիմաստ մենամարտը, որի կազմակերպիչները, նորից ենք կրկնում` անհայտ են: Իսկ ինչու՞ ենք նորից կրկնում, որովհետև մենամարտի սկզբնամասում մարզիկները միմյանց վախեցնելու նպատակով հիշատակել են հանրությանը քաջածանոթ ավտարիտետների անուններ, որից հետո էլ ամեն ինչ խառնվել է իրար:

 

Եթե հարցը դիտարկենք քաղաքական ուժերի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության տեսանկյունից, ապա իր նշանակությամբ այս մենամարտը որևէ բան չի փոխում մրցաշարային աղյուսակում, քանզի ԲՀԿ-ն ո'չ ընդդիմադիր է, ո'չ իշխանական, և առաջնությանն էլ մասնակցում է այնքանով, որքանով... Բայց, համաձայնեք, որ այս մենամարտն իր նախադեպը չունի հայ քաղաքական պայքարի պատմության մեջ: Հատկապես, երբ հայհոյանքների բնույթը դիտարկում ես Արթուր Բաղդասարյանի բարոյականության մասին առասպելների և Գագիկ Ծառուկյանի` «Իմ խոսքը գործ է» կարգախոսի շրջանակներում:

 

Էդիկ Անդրեասյան