կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 11:30
Իրավական

''Ժողովուրդ'' օրաթերթը հաղթեց դատարանում

''Ժողովուրդ'' օրաթերթը հաղթեց դատարանում

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին մերժել է «X-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի. հայտնում են խմբագրությունից:

 

Հայցը վերաբերում էր «Ժողովուրդ»-ի` 2012թ. դեկտեմբերի 11-ի հետեւյալ  հրապարակմանը. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս  տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:

 

Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում. «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»:

 

«Ձվերի Խաչիկ» մականունով հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը խորհրդակցելով իրավաբանների հետ, որոշել էր վիրավորվել այս տեղեկությունից, համարել, որ այն զրպարտանք է, արատավորում է իր բարի համբավը եւ դիմել էր դատարան՝ օրաթերթից պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում: Դատավոր Ափինյանն էլ 9 ամիս տեւած դատաքննությունից հետո վճռել է մերժել Խաչատրյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ՝ այն համարելով անհիմն:

 

Ասել է թե՝ դատավորը գնահատել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ցուցաբերված լրագրողական բարեխղճությունը, համոզվել, որ օրաթերթը ներկայացրել է օբյեկտիվ տեղեկություն՝ մատուցելով երկկողմանի կարծիք: Իսկ ամենակարեւորը՝ կայացրած վճռով, ըստ էության, Ափինյանն արձանագրել է նաեւ այն իրողությունը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ճշմարտությունն էր հրապարակել՝ գրելով, որ Խ. Խաչատրյանը վաճառել էր ժամկետանց ձու: Այսքանից հետո տրամաբանական է, որ մյուս բոլոր դատական հայցերը, որոնք Խաչատրյանը ներկայացրել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, պետք է մերժվեն, քանի որ սա համարվում էր օրաթերթի եւ գործարարի միջեւ առկա վեճի առարկան:

 

Հիշեցնենք, որ այս օրերին նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում նույն Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված մեկ այլ հայց՝ դարձյալ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Այն առավել զավեշտալի «հիմքեր» ունի, քանի որ Խաչատրյանը հա°մ վիրավորել է «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ իրեն ուղղված հարցին (արդյո՞ք դուք հարկային մարմինների հետ խնդիր ունեք) ի պատասխան ասելով «ազիզ ջան դե գրի, որ դու պրաստիտուտկա ես», համ էլ հակազդեցություն ստանալուց հետո դիմել դատարան՝ օրաթերթից այս անգամ էլ 3 մլն 200 հազար դրամ փոխհատուցում պահանջելով:

 

Մենք հույս ունենք, որ գործարարների ու պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ ներկայացրած եւ ներկայացվելիք ակնհայտ անհիմն դատական հայցերն այսուհետ կունենան այսպիսի հանգուցալուծում, եւ դատավորները կկանգնեն արդարության կողքին. գրված է օրաթերթի տարածած հաղորդագրության մեջ: