Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարսնաքարի»` Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց 45 րոպե ուշացումով: Պատճառը դատարանին էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրասնուցման կայանի խափանումն էր, ինչը անհնար էր դարձնում դատական նիստի ձայնագրառումը:
Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների, տուժողների և պաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Այսօրվա դատական նիստին Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչները` Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը, դատարանին հայտնեցին, որ նախորդ նիստին բացակայել են հիվանդության պատճառով և ներկայացրին բժիշկներից ստացված գրություններ: Պարզվում է` երկու ներկայացուցին էլ հիվանդացել և ապաքինվել են նույն ժամանակահատվածում` մայիսի 6-13-ը:
Այսօրվա նիստին հարցաքննվեց դատակոչված լրացուցիչ վկաներից` «Հարսնաքարի» մատուցող Գևորգ Միքայելյանը: Նա դատարանին հայտնեց, որ դեպքի օրը` հունիսի 17-ին, սպասարկել է մոտ 86 մասնակից ունեցող սեղան` ծնունդ են նշել: Ըստ նրա` լսել է, թե ինչպես են Վահե Ավետյանն ու նրա ընկերները վիճաբանում ռեստորանի մատուցող Դավիթի հետ, մոտ 3-4 րոպե հայհոյում նրան: Ըստ վկայի` Դավիթը չի պատասխանել նրանց և լուռ լսել է: Վիճաբանությանը հիմնականում մասնակցել է գլխարկով հաճախորդը (խոսքը ռազմական բժիշկ, բռնարարքի հետևանքով հետագայում մահացած Վահե Ավետյանի մասին է):
Գևորգի վկայությամբ` վիճաբանողները հետո սկսել են միմյանց հրմշտել, իսկ համալիրի աշխատակից Գարիկ Մարգարյանը փորձել է հանդարտեցնել ու բաժանել նրանց: Մատուցողը հայտնեց նաև, որ իր սպասարկած սեղանի հաճախորդները լսել են այդ հայհոյանքները և տեղեկացրել իրեն, սակայն ինքը փորձել է շեղել նրանց ուշադրությունը` ասելով, որ նրանց ընդամենը թվում է: Ավելին` հաճախորդները, հատկապես` կանայք, բողոքել են Վահեենց պահվածքից` ասելով. «Փակեք մեր հաշիվը, գնանք»:
Մատուցողի խոսքով` վիճաբանողներից մի քանիսն այնքան գինովցած էին, որ ուղիղ քայլել չէին կարողանում: Գևորգ Միքայելյանը դեպքի մասին այլ մանրամասներ չհայտնեց և ասաց, որ հետագա ծեծկռտուքի մասին իմացել է հաջորդ օրը` ոստիկանությունից:
Պաշտպանական կողմը միջնորդեց, որպես վկա, հարցաքննել Դիանա Նավոյանին: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի հիշյալ վկան: