Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 12:03
Քաղաքական

Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետ նշանակվեց

Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետ նշանակվեց

Հայտնի է Արարատի մարզի նոր մարզպետի անունը. կառավարությունը այսօր հաստատեց Արարատի մարզի նոր մարզպետի պաշտոնում Արամայիս Գրիգորյանի նշանակման մասին որոշման նախագիծը:

 

Առավոտյան Էդիկ Բաղդասարյանի` մարզպետի պաշտոնից ազատելու որոշումն ուղարկվել էր նախագահի հաստատմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այն արդեն հաստատվել է, ուստի կառավարությունը կարող է անդրադառնալ նոր թեկնածուի առաջադրման խնդրին: Այնուհետեւ ներկայացրեց Արամայիս Գրիգորյանին` նշելով, որ բոլորը նրան ճանաչում են, քանի որ աշխատել են նրա հետ:

 

Այսպիսով` Գրիգորյանը նշանակվեց մարզպետ, վարչապետն ու կառավարությունը նրան շնորհավորեցին` մաղթելով բեղմնավոր աշխատանք:

 

1985-1987 թթ. Գրիգորյանը ծառայել է խորհրդային բանակում։ 1987-1988 թթ. աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում որակի գծով ճարտարագետ, 1988-1990 թթ.` ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1999-2002 թթ. Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն, 2002-2003 թթ.` Ավշարի գինու գործարանի գլխավոր տնօրեն:

 

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից։ Մինչև 2006 թ. հունիսի 2-ը` Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2006 թ. հունիսի 2-ից` Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել։

 

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության անդամ։ Անկուսակցական։

 

2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: