կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 10:46
Քաղաքական

Արմեն Սարգսյանը` նախագահի թեկնածո՞ւ

Արմեն Սարգսյանը` նախագահի թեկնածո՞ւ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Մեր ունեցած տեղեկություններով` առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։

 

ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

 

«ՀԺ» թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «և ոչ միայն 10 տարվա շեմը (...)»: Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։ Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը և ո՞ւմ համար։

 

Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում։ Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը։ Իշխանության վերին օղակներում արդեն տևական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: