կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 16:50
Քաղաքական

Վլադիմիր Գասպարյանը` նախագահի թեկնածո՞ւ

Վլադիմիր Գասպարյանը` նախագահի թեկնածո՞ւ

Վերջին շրջանում մամուլը հաճախ է անդրադառնում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լիազորությունների շրջանակին, մասնավորապես` որ հաճախ ոստիկանապետն իր լիազորություններից դուրս քայլեր է անում եւ էլ ավելի ակտիվանալու փորձեր կատարում: Իսկ թե ինչո՞ւ է այդպես, տարբեր ԶԼՄ-ներ տարբեր եզրահանգումներ են անում:



Որոշները կարծում են, որ Վլադիմիր Գասպարյանը դեռ պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի, իսկ վերջերս ակտիվացել են խոսակցությունները` նրա` 2018թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու դառնալու մասին: Այսպես` առաջինը դրա մասին բարձրաձայնեց politik.am կայքը` գրելով. «Իշխանությունները Վլադիմիր Գասպարյանին գովազդում են` որպես նախագահի թեկնածու»:

 

Նյութում նշված է, որ Վլադիմիր Գասպարյանը բավական ակտիվ աշխատանքներ է իրականացնում իր վարկանիշը բարձրացնելու համար: Ոստիկանապետին կարելի է տեսնել այնպիսի տեղերում և այնպիսի խնդիրների կիզակետում, որոնք ոչ մի կապ չունեն նրա պաշտոնական գործունեության հետ:

 

«Այս քաոսի ֆոնին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, փորձում են օգտվել և ժողովրդական պաշտոնյայի կերպար ստեղծել Վլադիմիր Գասպարյանից: Ի վերջո, ՀՀԿ-ն այս պահին չունի որևէ թեկնածու, որը հասարակության մոտ գոնե 0.5% վստահություն ունենա: Եվ ահա, Վլադիմիր Գասպարյանի նման պահվածքը, և այդ ամենի մեդիա գովազդը կարող է որոշակի արդյունք ապահովել իշխանությունների համար:

 

Հ.Գ. Լավ կլինի, եթե ոստիկանապետի մղումներն արդար լինեն, և նա իրականում մտահոգված լինի հասարկության խնդիրներով: Բայց ավելի հավանական է, որ նրան պատրաստում են` որպես 2018 թվականի նախագահի թեկանծու»,- գրել է կայքը:

 

Այս ուշագրավ տեղեկատվությունը, որն արդեն տեւական ժամանակ է` իշխանության երիտասարդ որոշ ներկայացուցիչների կողմից ինֆորմացիոն դաշտ է նետվում, փորձեցինք ոչ թե վերահրապարակել, այլ ճշտել հենց ոստիկանությունից: Մեր պարզ հարցին (գրավոր, ինչպես հայտնի է ոստիկանության լրատվականը հրաժարվում է մեր ամենապարզ հարցերին բանավոր պատասխանելուց)` արդյո՞ք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախագահ դառնալու հավակնություններ ունի, ոստիկանության լրատվականից պատասխանեցին բառացիորեն հետեւյալը. «Հարցադրումը որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության պետի գործառույթների և ոստիկանության գործունեության հետ, հռետորական է և անհեթեթ, ուստի չենք պատասխանում»:

 

Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք նաեւ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքի դուրս եկած յոթ գյուղերի գյուղապետերի և գյուղերից 5-ական ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով: Մանավորապես` արդյոք համայնքապետերի և ներկայացուցիչների հետ հանդիպելն ու նրանց հուզող հարցերը քննարկելը ոստիկանապետի գործառույթների մեջ է մտնում, թե՞ դա պարզապես պրն Գասպարյանի անձնական ցանկությունն է եղել:

 

Մեր այս հարցին էլ պատասխանել էին. «ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը գյուղապետերի հետ, ինչպես արդեն պարզաբանվել է զանգվածային լրատվության միջոցներին, տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի գործառույթների շրջանակում՝ հասարակական կարգի պահպանման խնդիրները համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկելու նպատակով»: Ինչեւ, սպասենք, ապագա զարգացումներին…