կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-29 14:48
Տնտեսական

Կներդրվի աշխատավարձի հաշվարկման նոր մեթոդ

Կներդրվի աշխատավարձի հաշվարկման նոր մեթոդ

Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ եւ առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Կառավարության երեկվա արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ համակարգը մշակելու համար երկար ժամանակ է պահանջվել: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ:

 

«Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը եւ այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջեւ համադրելի աշխատավարձերի սանդղակ, եւ մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի եւ զարգացումների վերաբերյալ»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Կառավարությունը տարիների ընթացքում կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ' ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ բացահայտելու, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության:

 

«Փաստորեն, Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, եւ դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր ե՛ւ հանրության, ե՛ւ Ազգային ժողովի կողմից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: