կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 13:47
Հասարակություն

Մեր կորած արդարադատությունը

Մեր կորած արդարադատությունը

Արդեն 10 տարի է, ինչ Դալմայի այգիների հողօգտագործողները բողոքի ցույցեր են կազմակերպում պետական տարբեր մարմինների շենքերի առջեւ` կառավարությունից նախագահական, այնտեղից` դատարաններ, հետո կրկին` կառավարություն: Նրանք փոխհատուցում են պահանջում կառավարության որոշմամբ իրենցից խլված հողատարածքների համար: Մի չնչին մասը փոխհատուցում ստացել է ամբողջությամբ, մի մասը` կիսատ-պռատ, մի մասն էլ ընդհանրապես չի ստացել: Բողոքում են մշտապես, ինչպես բողոքում են գերակա շահի մյուս պատանդները:

 

Սեպտեմբերի 12-ին եւս հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Կառավարությունը նիստի օրը տեղափոխել էր սեպտեբերի 13-ին: Ամենշաբաթյա ակցիա իրականացնողները տեղյակ չէին, եկել էին իրենց սովորական օրը` հինգշաբթի:

 

Դալմայի այգու նախկին հողօգտագործող Ռուզաննա Ղազարյանը NEWS.am-ի թղթակցին պատմում է, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն մի քանի անգամ որոշումներ է ուղարկել ՀՀ կառավարություն այն մասին, որ հողատարածքները օգտագործողներից վերցնելու, գերակա շահ ճանաչելու եւ վաճառելու որոշումն անօրինական է: Բացի դրանից, կոնվենցիայի համաձայն` կառավարությունը պարտավոր է ստեղծել անկախ մարմին, որը պետք է քննի Դալմայի այգու նախկին հողօգտագործողների խնդիրը: Սակայն հողօգտագործողներն այդպես էլ անպատասխան են մնում: Տիկին Ռուզաննան վկա է բերում նաեւ իրենց դիմումներին արդարադատության նախարարության պատասխանը. «Արդարադատության նախարարությունից մեզ ասացին, թե` համբերեք, 2017-ին կունենաք արդար դատարան, նրանք ձեր հարցը կքննեն»:

 

Այ քեզ պատասխան:

 

Սեպտեմբերի 13-ի նիստում կառավարությունը ուշագրավ որոշում կայացրեց. Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա: Ակադեմիան կգործի 2014 թ. հունվարի 1-ից, դրան զուգահեռ կփակվեն դատական դպրոցն ու դատախազական դպրոցը: Ակադեմիան պատրաստելու է դատավորների ու դատախազների թեկնածուներ:

 

Կառավարությունը չի նշել` այդ արդարադատության ակադեմիան հենց 2017-ին արդարադատություն հաստատողն է, թե` ոչ: Բնական հարց է առաջանում` նման դատական համակարգում, նման խնդիրների պարագայում, երբ դատարանների նկատմամբ անվստահությունը կազմում է 85 տոկոս, երբ մարդկանց խնդիրներին լուծում տալու փոխարեն կոչ են անում սպասել մինչեւ «էշի զատիկը», ի՞նչ ակադեմիայի մասին է խոսքը: Արժե հիշել «մեր մեծերից մեկի» հայտնի թեւավոր խոսքը. կասեր` ակադեմիան ստեղծում եք, որ ի՞նչ անեք: Չէ որ այնտեղ դասախոսելու են այն անձինք, ովքեր այսօրվա դատական համակարգի «ակունքում» են, եւ որի ներկայացուցիչները մարդկանց խորհուրդ են տալիս համբերել մինչեւ 2017-ը:

 

Այն, որ մենք արդարադատություն չունենք, փաստում է անգամ արդարադատության նախարարը` նշելով, որ հանրության մոտ արդարադատության համակարգի նկատմամբ անվստահության մակարդակը 85 տոկոս է: ՍԴ բարեփոխումների կողմնակիցները, որպես Մայր օրենքում փոփոխության արժանի առաջին դրույթ, նշում են դատական բարեփոխումները: Պետությունն ահռելի գումարներ է մշտապես ծախսում դատավորների, դատախազների վերապատրաստման համար, սակայն խնդիրը այնքան էլ վերապատրաստումը չէ, որքան դատարանների կախյալ լինելը: Դատարանը անկախ չէ, ոչ էլ անկողմնակալ եւ  չի կարողանում ճիշտ վճիռներ կայացնել. վերեւից եկած մեկ զանգով  արդարությունը կարող է հավիտյանս լռել: Այն համակարգը, որ գործում է այսօր մեզանում, դատարաններին չի թողնում շնչել: Այլապես ինչպես բացատրել այն, որ տարեցտարի մեծանում է Հայաստանի դատարաններից հոգնած` դրսում արդարություն որոնողների թիվը:

 

Ու այս պայմաններում մեզ ոչ թե ակադեմիա է հարկավոր, այլ դատական համակարգի արմատական փոփոխություն: Իսկ ակադեմիայի ստեղծման համար դեռ շուտ է. համբերեք, 2017-ին կունենաք արդար դատարան, հետո նոր արդարադատության ակադեմիա կստեղծեք:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ