|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մեր օրերում ոչ սովորական ընթացք ունեն քրեական այն գործերը, որոնք այս կամ այն կերպ շաղկապվում են պետական պաշտոնյաների անունների հետ: Սյունիքի նախկին մարզպետի որդին մարդ սպանեց, բայց պատիժ չկրեց, Սուրեն Խաչատրյանի եղբորորդիները մարդ սպանեցին, բայց խուսափեցին պատժից: Վերջերս Սուրեն Խաչատրյանի եղբորորդին երկու եղբայրների դաժան ծեծի ենթարկեց, դարձյալ մնաց անպատիժ: Ոոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարեց երիտասարդի, բայց Օսիպյանը հայտարարում է, որ իր եղբորորդին չէ դանակահարողը: Յուվեցի Կարոյի փեսան «Վերնիսաժ»-ում կրակեց` պատահական անցորդների վիրավորելով, հիմա փորձում են ներկայացնել, թե ով էլ լիներ նրա փոխարեն, կկրակեր: Իսկ Շանթ Հարությունյանը, ով ոչ ոքի չի դանակահարել, ոչ ոքի վրա չի կրակել ու ոչ ոքի չի սպանել, հիմա ազատազրկման մեջ է:
«Որտե՞ղ է Հայաստանում թաքնվել արդարադատությունը»,- Yerkir.am-ը հարցրեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին: Նա խոստովանեց, որ Հայաստանում արդարության խնդիր կա, ու դա փաստ է: Ըստ փոխնախարարի` դա լուրջ խնդիր է և մարտահրավեր, որը պետք է լուծել, հիմա արդեն օրենքները բարեփոխվում են, և որոշակի փոփոխություններ կան:
«Արդարության միջավայրի բարելավման առումով` մենք չափից շատ անելիքներ ունենք, բայց որևէ երկրում դատական համակարգի փոփոխությունը երկարատև պրոցես է: Սա բնավ արդարացում չէ, բայց հավատացնում եմ ձեզ, որ փոփոխություններ կան, օրինակ` գեներալներ են պատժվում ու դատապարտվում, սա փոփոխություն է, ճանապարհային ոստիկանության պետը դատապարտվեց, սա շեշտակի փոփոխություն է, որը, սակայն, դեռ չի հանգեցրել հանրային միջավայրի ընկալման փոփոխության»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ աղմկոտ դեպքերին, փոխնախարարը նշեց, որ այստեղ պետք է շատ զգույշ լինեն այն պաշտոնյաները, որոնք առնչություն չունենք կոնկրետ այդ փաստական հանգամանքների և հանցակազմերի հետ: Նրա խոսքով` ապրիորի գնահատական տալ Շանթ Հարությունյանի գործին կամ մյուս գործերին, ճիշտ չէ, քանի որ դա դատարանի խնդիրն է: Գրիգոր Մուրադյանի կարծիքով` անարդարության մթնոլորտի հաղթահարման գրավականը դատական իշխանության անկախության ամրապնդումն է, և ուրիշ լուծում ինքը չի տեսնում:
«Ինչ վերաբերում է արդարադատության որակին, ապա այն դեռ էական բարելավման կարիք ունի, իսկ փոփոխությունները երկարատև պրոցես են, դեռ շոշափելի չեն: Մարդը, ով համակարգից դուրս է, դեռ այդ ամենը չի զգում, բայց ժամանակ հետո կզգա»,- վստահեցրեց նա:
Մեր դիտարկմանը, թե պետք է հանրությանը կոչ անենք` արդարություն գտնելու համար զինվել համբերությամբ և սպասել մի 50 տարի՞, արդարադատության փոխնախարարը պատասխանեց. «Այդ Դուք այդպես ասացիք: Ես 50 տարվա մասին չխոսեցի, մենք ծրագրել ենք` երբ ավարտենք ռազմավարական բարեփոխումները 2016-ին, որոշակի ժամանակ անց դրանից հետո փոփոխությունները կլինեն շոշափելի»: