կարևոր
3151 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 14:20
Քաղաքական

«Բրյուսով» ձախողված օպերացիան շարունակվում է կամ արդարադատությունը իշխանության պատանդ․ Լիլիթ Գալստյան

«Բրյուսով» ձախողված օպերացիան շարունակվում է կամ արդարադատությունը իշխանության պատանդ․ Լիլիթ Գալստյան

«Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս։ Ձախողումը թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, օպերացիայի գլխավոր կուրատոր Վ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա։ Բրյուսովի համալսարանի ոչ իշխանական, անցանկալի թեկնածուի ընտրությունից անմիջապես հետո, գրչի թեթև հարվածով, նրանք աշխատանքից ազատվեցին, և ազատվեցին ոչ թե ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի, ոլորտների չիմացության, ոչ ադեկվատ ընկալումների կամ դիլետանտիզմի, այլ ըստ էության իշխանությանը «չմատուցված կոնկրետ ծառությունների» համար․․․

Ռեկտորի ընտրությանը նախորդած՝ Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից ֆրանկենշտեյնական մի խառնարան ստանալու անհաջող արշավը բավական լուսաբանվել է։ Վստահաբար, եթե չհանդիպեին Բրյուսովի ուսանողության և դասախոսների ընդվազմանը, հերթական քանդիչ ծրագիրն իրականացվելու էր, անգամ այն պարագայում, երբ բուհերի միացման ուսումնասիրություն-գնահատում գոյություն չուներ, ինչպես խոստովանեց Դումանյանը։

Հակառակ ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ հարուցված քրեական գործին, զազրելի ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտոր ընտրվեց անցանկալի թեկնածուն՝ Կ․ Հարությունյանը։

Բայց, ինչպես ասում են Show must go on…Նախ պարզվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրել ընտրությունների արդյունքներն արտացոլող արձանագրությունը։

Եվ ահա երեկ, Դատախազության տարածած հաղորդումից հայտնի է դառնում, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, մեկը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների, մյուսը՝ վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ։

Ես առանձնապես զարմացած չեմ, որովհետև թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշոսկուները կնախանձեին։ Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։

Կարելի է բանտերում կեղեքել ոչ քպ-ական համայնքապետերին, կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել ու կտտանքների ենթարկել՝ անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով։

Հիմա, գոնե հիմա, հասկանու՞մ եք, թե ինչու էին ՍԴ-ում դատավորներ փոխում, ինչո՞ւ են ԲԴԽ-ն մաքրում անցանկալիներից, ինչո՞ւ են բանտերում կեղեքվում ոչ քպ-ական համայնքապետերը, ինչո՞ւ է կազմաքանդվում բանակը, ինչու են հրեշայնացնում անցյալը, հերոսներին, մեր նվիրական արժեքները, ինչո՞ւ սրանց պետք չի մշակույթը, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, ինչու են աղազարյանը, վիգեն խաչատրյանները, գագիկ մելքոնյաններն ու մի ասլանյան բարձրաձայնում, թե Արցախը մերը չի․․․

Ուշքի եկեք, սրանք մենք չենք․․․

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր