Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 13:08
Քաղաքական

Ժամանակը կգա, ԱԺ-ին կհարցնեն. Հովիկ Աբրահամյանը` պատգամավորներին

Ժամանակը կգա, ԱԺ-ին կհարցնեն. Հովիկ Աբրահամյանը` պատգամավորներին

ԱԺ-ում շարունակվում է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ բացատրություն տալու նպատակով պատկան մարմիններին ԱԺ հրավիրելու հարցի քննարկումը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ, մի կողմ դնելով Մաքսային միությանն անդամագրվելու բովանդակային կողմը, ուզում է ընդգծել, որ հատկապես ընթացակարգն է նվաստացուցիչ ԱԺ-ի համար, քանի որ նման պատմական կարեւոր հարցերը այսպես չեն որոշվում: Նա առաջարկեց հարցը շուտափույթ օրակարգային դարձնել, քանի որ դա այսօր առաջնահերթ հարց է:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ նախագահը գործել է` բացառապես իր լիազորություններից ելնելով, նա տվել է իր համաձայնությունը, եւ երբ ժամանակը գա, երբ հարցը բերվի ԱԺ, ԱԺ-ն, յուրաքանչյուր պատգամավոր կտա իր գնահատականը: «Հիմա ինչո՞ւ եք ասում, որ ԱԺ-ի հետ հաշվի չեն նստել, ԱԺ-ին չեն հարցրել: Ժամանակը կգա, կհարցնեն»,- ասաց Աբրահամյանը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, ասում էր, որ բարձրացնելու է ԱԺ-ի դերը, բայց հիմա ականատեսն ենք այն բանի, որ հասկանալի պատճառներով պատգամավորները հրաժարվում են Մաքսային միության վերաբերյալ հարցին մեկնաբանություններ տալ, քանի որ չգիտեն ավելին, քան որեւէ հեռուստադիտող: «Երբ, ինչպես, ում եւ ինչ ենք քննարկելու»,- կոնկրետ հարցեր հնչեցրեց Փաշինյանը:

 

Ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց, որ կոնկրետ ժամկետ, օր հայտնել չի կարող, պետք է խոսի ԱԳ նախարարի հետ, կհստակեցնի եւ նոր կտեղեկացնի: Նա նշեց նաեւ, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ նախագահն իր համաձայնությունն է տվել, իսկ մնացած ընթացակարգը ժամանակի հարց է. ամբողջական փաթեթը կգա ԱԺ, եւ պատգամավորները հնարավորություն կունենան այն քննարկելու: «ԱԺ-ն ստվերում չի մնացել»,- վստահեցրեց Աբրահամյանը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ իրենք չեն ուզում, որ «այդ փաթեթը բերվի ԱԺ»: Նա նշեց, որ նախագահը Մոսկվայում հարցի կապակցությամբ ընդամենը իր ցանկությունն ու կարծիքն է հայտնել, եւ պատգամավորները կցանկանային, որ այդ կարծիքն ու ցանկությունը նախ իրենց հայտներ, դրանից հետո նոր նախագահին կամ վարչապետին մանդատ կտրվեր, որ պատասխան տրվեր: «Քանի որ սահմանափակվում է սովերենությունը, գուցե հանրահավաքի անհրաժեշտություն կլիներ»,- նշեց Արզումանյանը:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Արզումանյանը ԱԳ նախարար է եղել եւ պետք է իմանա, որ նախագահը պատգամավորների հետ չի համաձայնեցնում, հետո գնում բանակցության: