կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 19:23
Քաղաքական

«Հայաստան» դաշինքը պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ հանդես կգա․ Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ հանդես կգա․ Սաղաթելյան

7-րդ գումարման Ազգային Ժողովի կողմից ընդունված պատգամավորներին աշխատավարձին զուգահեռ 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը «Հայաստան» դաշինքը հետ է կանչելու։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այդ օրենքն ընդունելու օրն ենք խոսել այդ մասին։ Մենք գտնում ենք, որ  այս պահին խիստ անհրաժեշտություն չէր, այն հիմնավորումները, որ պատգամավորների ձեռքի ծախսը քիչ է, դրա կարիքը ունեն, դրա համար պետք է ավելացվի։ Իրականում բազմաթիվ պատգամավորներ կան, այդ թվում և մեր ֆրակցիայում, ովքեր ունեն դրա կարիքը, բայց ի վերջո կա սոցիալական արդարության գաղափար։ Այդ պարագայում դրա կարիքն ավելի շատ ունեն ուսուցիչները, բժիշկները, զինվորականներն ու այսպես  շարունակ, հետևաբար մենք անընդունելի ենք համարում դա և մեր խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ այն չեղարկելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինիցս հետաքրքրվեցինք նաև ի վերջո ինչ որոշում ունեն ԱԺ փոխնախագահի հարցում։ Սաղաթելյանն ասաց, թե երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, քան այդ հարցը։ «Կարծում եմ ԱԺ փոխնախագահի հարցը էսօր մեր երկրի կարևոր հարցերից չէ, ամբողջ ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելու համար, ուրիշ ավելի կարևոր խնդիրներ ունենք, բայց այդ հարցին ևս կանդրադառնանք; Առաջիկայում կքննարկենք «Պատիվ ունեմ» դաշինքի հետ և ես կարծում եմ միասնական թեկնածուով հանդես կգանք»,- ասաց պատգամավորը։ Հարցին, թե և այդ մեկ միասնական թեկնածուն դո՞ւք եք, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Հայտնի չէ, կորոշենք՝ միասին»։