կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-07 11:29
Մշակույթ

″Ապակե կախազարդը″. երբ ինչ-որ բան փոխելն այլեւս անհնար է

″Ապակե կախազարդը″. երբ ինչ-որ բան փոխելն այլեւս անհնար է

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

 

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը, ֆիլմում նկարահանվել են նաեւ Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը եւ այլք: Նկարահանումներն իրականացրել է «Այսօր-Պլյուս» կինոընկերությունը:

 

Բանակում ծառայության ժամանակ տղան իմանում է, որ իր սիրած աղջիկը հղի է, եւ փախչում է զորամասից ու գնացքով ճանապարհվում ընկերուհու մոտ` հղիությունն արհեստական ընդհատելու քայլին դիմելու: Սակայն ճանապարհին գնացքի մեջ տեղի են ունենում դեպքեր, որոնք ստիպում են տղային փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Նարինե Մկրտչյանը նշեց, որ սա արդեն Արսեն Ազատյանի հետ համատեղ արտադրության 16-րդ ֆիլմն է, որում իրենք հանդես են գալիս ոչ միայն որպես բեմադրող ռեժիսորներ, այլ նաեւ սցենարի հեղինակներ ու պրոդյուսերներ: Ըստ Մկրտչյանի` ֆիլմի գաղափարն անշրջելիությունն է, այսինքն` այն, ինչ կատարվում է մեր կյանքում, մեկ անգամ է տեղի ունենում, եւ հետ դառնալ ու ինչ-որ բան փոխելն անհնար է:

 

«Ֆիլմը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Սա պետք է մի փոքր հուշում լինի մեր երիտասարդներին, որ ցանկացած քայլ կատարելիս պետք է մի քիչ մտածել: Ֆիլմը երիտասարդներին խորհել կտա սիրո եւ կյանքի արժեւորման մասին»,- ասաց Մկրտչյանը:

 

Վերջերս ֆիլմի շուրջ մի փոքր աղմուկ էր բարձրացել ֆիլմի թրեյլերում առկա բաց տեսարանների պատճառով: Մկրտչյանը փաստում է` ֆիլմում ոչ թե բաց տեսարաններ են, այլ` սիրային, ինչը, ըստ նրա, անխուսափելի է սիրային դրամայի դեպքում:

 

Արսեն Ազատյանն էլ, իր հերթին, նշեց, որ «Ապակե կախազարդը» պատմում է այն փխրուն զգացման մասին, որ մենք ունենում ենք սիրահարության ընթացքում:

 

«Կարծում եմ` ֆիլմն առաջին հերթին հենց երիտասարդներին պետք է հետաքրքրի. ֆիլմը մեր կյանքի մասին է, եւ գուցե կլինեն երիտասարդներ, որոնք ֆիլմի պատմությունը կնույնացնեն իրենց անցած ճանապարհի հետ: Մենք քիչ ունենք նման` բուն իրականություն ցուցադրող ֆիլմեր, եւ ցավով պետք է նշեմ, որ այդ ոլորտը մեր կինոյում բաց է»,- ասաց Ազատյանը` հավելելով, որ ֆիլմի գլխավոր ուղերձը սերն է:

 

Նրա հավաստմամբ` իրենք ընտրություն են կատարել շուրջ 300 դերասանների միջեւ, եւ կարծում է, որ ֆիլմի գլխավոր դերակատարները շատ կերպարային հերոսներ են ստացվել: