կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 12:58
Իրավական

Ամիրյան 4-ի բնակիչները ԵՄ-ից ապաստան են խնդրում

Ամիրյան 4-ի  բնակիչները ԵՄ-ից ապաստան են խնդրում

Հայաստանում Եվրոպական միության երկրների և ԱՄՆ-ի դեսպաններին  բաց նամակով դիմել են Ամիրյան 4  շենքի մի խումբ բնակիչներ:

 

Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություններ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը(Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2): 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն ՀՀ կառուցապատող Մելիք Գասպարյանից չվերցրեց իր տրամադրած տարածքը: Ավելին, ՀՀ-ն չկնքեց նոր պայմանագիր, որտեղ կամրագրվեր նոր ժամկետ: 2008թ. նոր միայն շենքի նախագիծն է հաստատվել։ 2009 թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը 3 (երեք) մլն. դոլար տրամադրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր կառուցապատող Մելիք Գասպարյանին Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ 2009թ. Հոկտեմբերի 10-ին Մելիք Գասպարյանը դժբախտ պատահարի հետևանքով զոհվեց: Դրանից հետո ՀՀ կառավարությունը արգելանք դրեց նրա բանկային հաշիվների և ունեցվածքի վրա: Ամիրյան 4 շենքի շինարարությունը սառեցվեց:

 

 Ինչ էր եղել երկու ամիս առաջ ՀՀ կառավարության երաշխիքով կառուցապատող Մելիք Գասպարյանին Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 մլն. դոլարը, առայսօր մնում է հանելուկ: Հանելուկ է նաև, թե ինչու ՀՀ կառավարությունը չի հետևել, որպեսզի նպատակային տրված վարկը ծառայի իր նպատակին: Փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Դատելով ամեն ինչից 2009թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 (երեք) մլն. դոլարի անհետացման և շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։

 

ՀՀ կառավարության սխալի համար հիմա պետք է վարձահատույց լինենք մենք' ՀՀ քաղաքացիներս: 2011-2012 թ.թ. Ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք Հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (Ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3): Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է երկու տարի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով Հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում' հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով Հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար: 2009 թ. ՀՀ հանդեպ 775000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարտք ունենալու պատճառով ՀՀ կառավարության կողմից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի հաշիվների և ունեցվածքի վրա արգելանք դնելուց հետո, նրանից նախկինում Ամիրյան 4-ից բնակարաններ պատշաճ գնորդների վճարները, դատարանների որոշմամբ հաստատված հաշտության պայմանագրերով, սկսեցին փոխանցվել հաշվեհամարներին: Ըստ ֆինանսների նախարարության վճարում է կատարել 45 գնորդ և այդ հաշվեհամարներին կուտակվել է ավելի քան 5 500 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

2012 թ. Ամիրյան 4-ի մի հատվածը վաճառվեց 5 մլն. դոլարով: Ըստ ֆինանսների նախարարության' 2012 թ. դեկտեմբերի 28-ին Մելիք Գասպարյանի ժառանգները շենքը հանել են գրավից: Այսպիսով 2009-2012 թ.թ. Ամիրյան 4 շենքից փաստացի օգուտը կազմել է 13,5 մլն. դոլար: Նախկին կառուցապատող ՀՀ Ազգային ժողովի հանրապետական կուսակցության պատգամավոր Մելիք Գասպարյանի պարտքերը կազմում էին 5 200 000 դոլարին համարժեք դրամ: Ինչ է եղել մնացած 8 300 000 դոլարին համարժեք դրամ գումարը: Եթե այդ գումարը առկա է և դեռևս չի լափվել, ապա ինչու շինարարությունը 4 տարի է ինչ չի ավարտվում: Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ մեզ խաբել է և նույնիսկ շինարարության վերջնաժամկետը յոթ տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները: Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ ՀՀ իշխանավորները միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական խարդախ ծրագրերը: Արդեն վարձված բնակարաններում մահացել է պայմանագիր կնքաց 5 ամիրյանցի, 8 էլ արտագաղթել են: Վերջին 4 տարվա ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Երևանի քաղաքապետին: Ապարդյուն:

 

 

Ըստ երևույթին այդ պարոնները սեփական շահեր ունեն Ամիրյան 4 շենքի հանդեպ և այդ շահերից ելնելով ոտնահարում են մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31), ՀՀ օրենքները և ՀՀ անունից կառուցապատողի հետ 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիրը: Սիրելով մեր երկիրը, մենք 9 տարի համբերատար սպասել ենք նրան, որ ՀՀ իշխանավորները վերջապես մի օր կգիտակցեն իրենց արածի ամբողջ հրեշությունը և մի փոքր կզսպեն սեփական ագահությունը: Բայց ավաղ դա անհնար է:

 

Մենք այլևս ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունենք սպասելու: Ձերդ գերազանցություններ, քանի որ ՀՀ իշխանությունները կանխամտածված խախտում են մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31), ՀՀ օրենքները և ՀՀ անունից կնքված պայմանագիրը, ՀՀ ղեկավարության մեղքով արդեն 9 տարի սեփական տներից և սեփականությունը տնօրինելու Սահմանադրական իրավունքից զրկվելուց հետո խնդրում ենք Եվրոպական միության երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին ապաստան տրամադրել մեզ: Մոտ ժամանակներս մենք կներկայացնենք փաստաթղթերը և խնդրում ենք չմերժել մեզ: Հարգանքով փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 նախկին 75 բնակիչներ»: