Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչներ, բազմաբնակարան շենքում բնակարաններ գնած` խաբված բնակիչներ... Այս կարգավիճակներն անկախացումից հետո այնքան «հոգեհարազատ» են երևանցիներին, որ դրանց մասին բարձրաձայնելը սովորական է դարձել: Եթե փորձենք վիճակագրական տվյալներ հավաքել վերջին տարիներին կառավարության շենքի կամ նախագահական նստավայրի առջեւ նստացույց անող քաղաքացիների շրջանում` պարզելու, թե ովքեր են բողոքում եւ ինչ խնդիրներ բարձրացվում, կտեսնենք, որ գերակշռում են պետական կարիքների համար բնակարաններից զրկված բնակիչները կամ խաբված գնորդները:
Հյուսիսային պողոտա, Արամի 72-80, Եկմալյան, Բուզանդի, Մաշտոցի 33, Դավթաշեն 4, 33 թաղամաս, Ամիրյան 4... Այս հասցեներից յուրաքանչյուրն իր ոդիսականն ունի, և դրանցից գլուխ հանելու համար նախ և առաջ հարկավոր է վարժ տիրապետել մեր երկրի քրեաօլիգարխիկ համակարգին:
Ինչևիցե, ընթերցողին չխճճելու համար անդրադառնանք վերը նշված հասցեներից մեկին, որին yerkir.am-ն իր հրապարակումներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է:
Ուղիղ վեց ամիս առաջ ՀՀ նախագահին ուղղված նամակում պետական կարիքների համար իրացվող տարածք ճանաչված Ամիրյան 4-ի բնակիչները հայտնել էին իրենց մտահոգությունն իշխանությունների անգործության վերաբերյալ: Նրանք այն բնակիչներն են, ովքեր 2005-ին ստիպված էին կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնց` 30 ամիս հետո պետք է իրենց տների տեղում բնակարան ստանային, բայց... ՀՀ կառավարության երաշխիքով գնված տարածքի տեղում կառուցված շենքի շինարարությունն ավարտին չհասցվեց: Նամակագիրները նախագահից խնդրել էին գլխավորել սահմանադրական իրավունքի խախտման դեմ իրենց պայքարը և գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը: Սակայն իրացված տարածքների նախկին բնակիչների հորդորը մնացել է անարձագանք:
Անպատասխան են մնացել նաև այն բնակիչների բողոքները, ովքեր 2006-ին բնակարաններ էին գնել Ամիրյան 4/6 հասցեում և նույն բախտին արժանացել: Ի տարբերություն իրացված տարածքի բնակիչների, նրանց չի հաջողվում համախմբվել և միահամուռ ջանքերով թեկուզև նամակ հղել նախագահին կամ խնդրով զբաղվող պետական մամիններին: Բանն այն է, որ բնակարաններ գնած քաղաքացիներից ոմանք գտնվում են արտերկրում և մյուս գնորդների հետ անմիջական կապի մեջ չեն: Սակայն այս քաղաքացիներն էլ ձեռքերը ծալած չեն նստում: Նրանք էլ երբեմն առանձին-առանձին հանդես են գալիս բաց նամակով կամ հանդիպում ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի հետ, նրանից լսում հուսադրիչ պատասխաններ և սպասում շենքի շինարարության ավարտին:
Մեկ այլ տարբերություն ևս. այս քաղաքացիները երբևիցե նստացույց կամ բողոքի ակցիա չեն կազմակերպել: Դա էլ իր բացատրությունն ունի. Ամիրյան 4/6-ում բնակարաններ գնած քաղաքացիները քիչ, թե շատ ապահովված են, և բնակարան ստանալն էլ նրանց համար կենսական պահանջ չէ: Նկատենք, որ նրանց թվում կան պաշտոնյաներ, օլիգարխներ, որոնց համար բնակարանն ընդամենը կապիտալ է, և նրանց ունեցվածքի մեջ դրա պակասը գուցեև այնքան էլ զգացնել չի տալիս: Դա դա բնական է, օրինակ` մեր իշխանությունների համար էլ զգալի չէ օրեցօր աճող գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը...
Ի դեպ, իրացված տարածքի բնակիչներն այսօր հրապարակայնորեն հայտարարեցին, որ արտագաղթելու են: Ո'չ համախմբվածությունը և ո'չ էլ ապագայի նկատմամբ հավատը չօգնեցին այս քաղաքացիներին: Նրանք այլևս ո'չ հնարավորություն և ո'չ էլ ցանկություն ունեն սպասելու: 9 տարի սեփական տներից և սեփականությունը տնօրինելու սահմանադրական իրավունքից զրկվելուց հետո բնակիչները խնդրում են Եվրոպական Միության երկրների և ԱՄՆ կառավարություններին ապաստան տրամադրել իրենց: Փաստաթղթերն էլ խոստանում են տրամադրել մոտ ժամանակներս: Պարզվում է նաև, որ Ամիրյան 4-ից արտագաղթը համատարած բնույթ է ստանում:
Մոտ մեկ ամիս առաջ էլ այստեղ փակվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) և նրա աջ թևը հանդիսացող` Պետեկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բերբույթյանին պատկանող River Island խանութ-սրահը, իսկ ALDO խանութը տեղափոխվեց: Ամիրյան 4-ում մնացել են միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու «Իմպերիում պլազա» ընկերության գրասենյակն ու հյուրանոցը:
Ի դեպ, այս տարիների ընթացքում վարձած բնակարաններում մահացել է պայմանագիր կնքած 5 ամիրյանցի, 8-ն էլ արտագաղթել են: Այս տեմպով շարունակվելու դեպքում խնդրահարույց հարցն իր լուծումը կստանա: Ինչպես ասում են` չկա մարդ, չկա պրոբլեմ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ