Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դուք որեւէ ձեւով աջակցելո՞ւ եք ուսանողներին` թույլ չտալու ուսման վարձավճարների բարձրացում» հարցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է. «Դա արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում»: Հարցին, թե` չունի՞ ուսանող բարեկամներ, պատասխանում է. «Ուսանող բարեկամներ էլ ունեմ, ես էլ եմ ուսանող եղել», ապա արագ հեռանում է, որպեսզի չպատասխանի մեկ այլ հարցի` իսկ Ձեր` ուսանող պահող բարեկամներն ունե՞ն մինչեւ 200 հազար դրամ եւ ավելի գումար, որպեսզի վճարեն բուհերի ռեկտորների կամայականությունների համար: Դա նրան չի էլ հետաքրքրում, նախարար է, ուրեմն` բարեկամներն էլ վճարի խնդիր չեն ունենա: Հավանաբար:
Նալբանդյանի պատասխանն ուշագրավ է` դա արտգործնախարարության իրավասությունների մեջ չէ: Ասել է, թե` իմ գործը չէ, ինչ ուզում եք` արեք, ինձնից հետո` ջրհեղեղ:
Իսկ ո՞ւմ իրավասություններ մեջ է մարդկանց իրավունքների համար պայքարելը: Այսօր առավոտից բողոքի ցույց է ԵՊՀ-ի եւ մյուս բուհերի առջեւ, երթ ու զանազան ակցիաներ: Այդ ակցիաներին մասնակցող առաջին կուրսեցիների թիվը քիչ է, առաջին կուրսեցիների համարձակությունը չի հերիքի միանգամից ներքաշվել բողոքի ակցիաների մեջ, թեկուզ` հանուն իրենց իրականացվող: Մասնակցում են բարձր կուրսեցիները, տեսնես` ինչո՞ւ, չէ՞ որ իրենց վարձը նույնն է մնացել: Պատկերացրեք առաջին կուրսեցուն, որ գիտի` իր դիմած բաժնում ուսման վարձն արժե 400 հազար դրամ, բայց, գնալով դասի, տեղեկանում է, որ այլեւս 530 հազար է (ի սկզբանե չի հրապարակվել, թե որ բաժնում ուսման վարձը որքան է):
Պայքարելը չի մտնում ազատամարտիկների իրավասությունների մեջ, բայց նրանք մասնակցում են ակցիաներին, քանի որ նրանց մի մասն ունի ուսանող զավակներ, բացի այդ` այս երկիրը սրով պաշտպանած անձինք քաջ գիտակցում են, որ սա մի պայքար է, որը չհաղթելու դեպքում ոչ փոքրաթիվ ուսանողներ ծնողների հետ կլքեն հայրենիքը, ինչն արդեն արել են բազումները: Քանի՞ դպրոցականի ծնողները տարան Հայաստանից, որ կարող էին մնալ ու նախարար դառնալ, թեկուզ՝ հանրապետական: Ազատամարտիկները պայքարում են, որ այլեւս մարդիկ, «դավադիտ էլած», չգնան, պայքարում են, որովհետեւ հենց պայքարը դադարեցնեն, իրենք էլ են գնալու: Վաղը պատերազմի դեպքում չգիտեմ, թե ուր կլինի Նալբանդյանը, իսկ այդ մարդիկ կլինեն առաջնագծում:
Ուսման վարձերի բարձրացման դեմ այսօր պայքարում էր ԵՊՀ դասախոսը, ով պետք է ոգեւորված լիներ ուսման վարձերի բարձրացումից. ռեկտորը խոստացել էր, որ աշխատավարձերն էլ են բարձրանալու դրա շնորհիվ: Բայց նա մասնակցում է ու պահանջ դնում, որ ուսանողները մինչեւ վերջ մնան այնտեղ: Պայքարում են բոլորը, որովհետեւ ուսման վարձերի բարձրացումը նշանակում է աղքատության խորացում, սոցիալական բեւեռացման մեծացում, նշանակում է կրթության կենտրոնացում հարուստների ձեռքում: Նշանակում է, որ աղքատ, բայց խելացի երիտասարդի համար կրթությունը դառնում է անհասանելի երազ: Դե, թող Գիտելիքի օրը կաթողիկոսից մինչեւ վարչապետ ուղերձ հղեն ու հայտարարեն, թե գիտելիքահեն տնտեսություն են կառուցում: Ումո՞վ:
Եթե ուզում եք իմանալ` հենց արտգործնախարարի իրավասությունների մեջ է մտնում պայքարը ուսման վարձերի բարձրացման դեմ. նախարարը գնացել էր հանդիպելու ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետ ընդունվածների հետ: Այս տարի եւս այդ բաժնում բազմաթիվ ուսանողներ դուրս մնացին հենց վարձերի պատճառով, այդ բաժնում ավելացել են վճարովի տեղերը, իսկ պետպատվեր ընդհանրապես չկա: Նալբանդյանը պետք է հենց սրա համար պայքարի: Կարո՞ղ եք հաշվել, թե հենց այս պատճառներով քանի ապագա խելացի դիվանագետ եւ գուցե արտգործնախարար է կորցնում առանց այն էլ իսկական դիվանագետի կարիք ունեցող Հայաստանը::
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ. Գ. Մի կողմ ենք թողնում այն հարցը, թե արտգործնախարարն իր իրավասությունների մեջ գտնվող հարցերն ինչպես է կարգավորում, եւ արդյո՞ք իմաստ չունի մի բողոքի ցույց էլ հենց նախարարության շենքի դիմաց կազմակերպել: