կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 12:45
Հասարակություն

Քաղաքապետի ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ

Քաղաքապետի ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվշնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք  ստորև.

 

«Սիրելի՛  դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,

 

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:

Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը  միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա  պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի ուղեկիցը:  Մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման  կարևորագույն նախապայմանն այսօր էլ գիտելիքն ու կրթությունն են: Կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի  երաշխավորն է,  ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման գործում։

 

Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ, ուզում եմ նաև  շնորհակալություն հայտնել ձեզ` մեր երկրի արժանավոր  քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու դժվար, բայցև  պատասխանատու  գործը պատվով կատարելու համար:

 

 

Սիրելի՛ դպրոցականներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած ձեր յուրաքանչյուր հաջողությամբ դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակատիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ապագայի ու ավելի լավ Երևանի կերտման գործում»: