կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 16:00
Առանց Կատեգորիա

«Զբոսաշրջիկների» և «մոլորյալների» համար տեղերը սահմանափակ են. Հովհաննես Վարդանյան «168 Ժամ»

«Զբոսաշրջիկների» և «մոլորյալների» համար տեղերը սահմանափակ են. Հովհաննես Վարդանյան «168 Ժամ»

«168 Ժամ» զրուցակիցն է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, ռեյտինգային ընտրակարգով ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Հովհաննես Վարդանյանը.

– Պարոն Վարդանյան, մեր զրույցը սկսենք անձնական բնույթի մի հարցից։ Ոչ միայն Ձեր գործընկերները, այլև շատերը Հայաստանում Ձեզ «Լիդեր» անունով են ճանաչում։ Ինչո՞ւ:

– Այս մականունը երկար տարիներ ինձ հետ է: Իսկ նախապատմությունն այսպիսին է. պատերազմի դաշտում պետք է միմյանց հետ կապ հաստատեինք հատուկ տեխնիկայի միջոցով, օգտագործում էինք որոշակի ծածկանուններ: Եվ այդ ժամանակ ինձ կոչեցին «Լիդեր»: «Լիդեր» մականունն իրականում շատ պարտավորեցնող է:

– Ո՞վ է Ձեզ համար ընկերը:

– Ընկերն ինձ համար սրբություն է՝ ինչպես ընտանիքը, որը տարիների ընթացքում ձևավորվել է փոխադարձ վստահությամբ: Ես շատ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ իմ կողքին ճիշտ մարդիկ են:

– Մամուլում նախընտրական քարոզարշավը՝ իր խաղի կանոններով, հաճախ համեմատում են «գլադիատորական» մարտերի հետ: Շատ է խոսվում նաև ընտրակաշառքների մասին, որոնք տրվում են մի քանի քաղաքական ուժերի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր քարոզարշավը:

– Գլադիատորական մարտերին և խաղերին վերաբերվում եմ հումորով և ժպիտով: Իսկ եթե կան ընտրակաշառքի մասին տեղեկություններ, ապա դրանով պետք է մտահոգվեն իրավապահ մարմինները: Ինձ համար դա անընդունելի է և ոչ պատվաբեր: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող ես քո ընտանիքի անդամներին շահագրգռել, որ քեզ սիրեն կամ հարգեն: Իսկ ես իմ տանն եմ: Ես այստեղ եմ ծնվել և այստեղ եմ ապրում և շարունակելու եմ ապրել: Ես իմ քաղաքի և համայնքի հետ եմ:

– Թիվ 2 ընտրատարածքում ընտրարշավում մասնակցող թվով ինը կուսակցություններն ու դաշինքները ռեյտինգային կարգով 60-ից ավելի թեկնածուներ են առաջադրել։ Սուր և անզիջում պայքար է ընթանում։ Ո՞ւմ եք Ձեր հիմնական մրցակիցը համարում և ինչպե՞ս եք գնահատում հաղթելու Ձեր հնարավորությունը:

– Կան քաղաքական լուրջ հայացքներ ունեցողներ, կան արկածախնդիր մարդիկ, կան նույնիսկ, այսպես կոչված՝ «զբոսաշրջիկներ» և «մոլորյալներ»: Մրցակից եմ համարում այլ կուսակցություններից առաջադրված բոլոր թեկնածուներին՝ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից և ծրագրերից, որոնց հետ կարող եմ նաև համաձայն չլինել։ Իսկ ՀՅԴ-ից մեր ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված բոլոր թեկնածուների հետ մենք համախոհների մի թիմ ենք կազմում, և յուրաքանչյուրիս հաղթանակը կապահովի կուսակցության ծրագրերի, գաղափարների ներկայությունը և իրագործումը խորհրդարանում։ Իմ շանսերը բարձր եմ գնահատում։ Շատ դժվար է ընտրողին խաբել դատարկ խոստումներով։ Թեկնածուին գնահատում են առաջին հերթին՝ իր կենսագրությամբ, կամային հատկություններով, պետության կայացման մեջ ներդրած իր լումայով։ Բայց այնուամենայնիվ, ուզում եմ կրկնվել` ես կողմնակից եմ քաղաքակիրթ մրցապայքարի և այն ծրագրերի իրականացման, որոնք բխում են ժողովրդի շահերից:

– Իսկ ի՞նչը ստիպեց Ձեզ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ի վերջո, սա գործունեության լրիվ նոր ոլորտ է, որը համապատասխան ունակություններ և քաղաքական կամք է պահանջում:

– Ինձ համար կարևորն արդարությունն է, ազնվությունը և պատիվը: Ուժային կառույցներում երկարամյա աշխատանքս, նաև վարչական շրջան ղեկավարելու փորձս ինձ մի շատ կարևոր եզրակացության հանգեցրեց՝ և մեր պետությանը, և մեր քաղաքացիներին պակասում է օրինապահությունը, օրենքի տառին հետևելը։ Գլխավոր խնդիրը, որ ես դրել եմ իմ առջև, օրինականության հաստատումն է։ Համոզված եմ, որ գործադիր իշխանությունը, յուրաքանչյուր չինովնիկ պետք է զգան օրենսդրի մշտական սառը և անկողմնակալ սևեռուն հայացքն իրենց գործունեության նկատմամբ։ Կարող ենք ընդունել տասնյակ լավ օրենքներ, սակայն դրանց անտեսումը բերում է անցանկալի հետևանքների։

Հավատացեք, որ հաճախ մարդիկ արտագաղթում են ոչ թե ծանր սոցիալական պայմանների պատճառով, այլ փախչում են անօրինականությունից: Եթե կարողանանք հաստատել օրենքի իշխանություն, ապա դրանով կապահովենք երկրի զարգացման և առաջխաղացման շատ արագ տեմպեր։ Չմոռանանք նաև, որ նոր Սահմանադրությունը շեշտակի բարձրացնում է խորհրդարանի և առանձին պատգամավորների դերը երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։ Խորհրդարանն է ձևավորելու կառավարությունը, ընտրելու նախագահին, մշակելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ես այս երկրի քաղաքացի եմ, տարբեր ոլորտներում գործունեության լուրջ փորձ ունեմ և, կարծում եմ, ունեմ այդ կամքը՝ ընտրողներիս շահերը ներկայացնել Ազգային ժողովում, նպաստել երկրի զարգացմանը։

– Գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում հիմնականում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: Դուք՝ լինելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ես փորձում եմ չքաղաքականացնել մեր աշխատանքային հարաբերությունները: Շեշտը դնում եմ աշխատանքի հանդեպ նվիրվածության, սրտացավության և պրոֆեսիոնալիզմի վրա: Եթե մասնագետը ճիշտ է աշխատում, ի շահ ժողովրդի, ապա նշանակություն չունի նրա կուսակցական պատկանելությունը:

 – Ձեր նպատակներն ու անելիքները տեղ գտե՞լ են նախընտրական ծրագրում, և հնարավորություն կունենա՞ք իրականացնել ծրագրվածը։

– Նախ հիշեցնեմ, որ առաջադրվել եմ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով։ Ուսումնասիրելով ՀՅԴ-ի անցած ճանապարհը և ծանոթանալով նրանց գաղափարախոսությանը, հասկացա, որ նրանց շահերը բխում են ազգային շահերից, նրանց գաղափարախոսությունն ամենից շատ է հոգեհարազատ ինձ: Չնայած կուսակցական չեմ, սակայն կիսում եմ Դաշնակցության քաղաքական ծրագիրը, որդեգրած արժեքները, ամուր, անվտանգ, արդարության հիման վրա կառուցվող սոցիալական պետության տեսլականը։ Եվ բնական է, որ ընտրողների կողմից վստահության քվեն ստանալու դեպքում լինելու եմ կուսակցության ֆրակցիայի անդամ, առաջնորդվելու եմ ՀՅԴ ծրագրերով և նպատակներով։

Իսկ որպես անհատ, ինչպես ասացի, ամբողջ ուժս, եռանդս, գիտելիքներս ներդնելու եմ օրինականության և արդարության համակարգի օրենսդրական և վերահսկողական բաղադրիչների հաստատմանը։ Ինձ զարմացնում են որոշ թեկնածուների կողմից տրվող նախընտրական շռայլ խոստումները։ Կարծես այդ մարդիկ պայքարում են ոչ թե օրենսդիր մարմնում իրենց ներկայությունն ապահովելու, այլ կախարդական փայտիկին տիրանալու համար։ Ես խորհրդարան եմ գնում՝ աշխատելու, այլ ոչ թե՝ հրաշագործությամբ զբաղվելու…

– Հետագայում Ձեզ տեսնում եք օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմիններում:

– Առջևում խորհրդարանական ընտրություններն են: Ես և իմ քաղաքական թիմն ունենք բազում ծրագրեր, որոնք ցանկանում ենք կյանքի կոչել: Ես արդեն իսկ գործադիր մարմնում եմ, այս պահին գտնվում եմ արձակուրդում, և միայն ընտրություններից հետո իմ քաղաքական թիմի հետ կորոշենք իմ հետագա գործունեությունը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում