|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Մենք ցանկացանք խաղաղ, անցնցում ճանապարհով իշխանության հետ գալ համաձայնության, որպեսզի լինեն նորմալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, բայց իշխանությունը չգնաց դրան, դրա համար ամսի 28-ին մենք ձեզ նորից հրավիրում ենք Ազատության հրապարակ. ասեմ ձեզ, որ տեղերը սահմանափակ են, մասնավոր կաֆեներից ու զուգարաններից էլ կարող եք օգտվել, եթե չփակեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե քանի՞ տեղ է նախատեսված, ընդդիմության ներկայացուցիչն ասաց, որ մինչեւ 20 հազար մարդ հանգիստ կարող են գալ ու տեղավորվել:
Նրա դիտարկմամբ` այնպիսի նստացույց, ինչպիսին նախորդ շաբաթ էր, թե' քանակով, թե' կարգապահությամբ, երբեւէ չի եղել` չնայած ցրտին, անձրեւին ու զուգարանների բացակայությանը: Հոկտեմբերի 28-ին էլ նույն ավյունով պահանջելու են Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը:
«Եթե իշխանությունն այս անգամ էլ չարձագանքի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը` տո՞ւն եք գնալու» հարցին Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Գնալու ենք տուն, բա ո՞ւր պիտի գնանք, հո փողոցում չե՞նք մնալու: Մենք երբեք չենք գնա ավանտյուրաների, արկածախնդրության, բայց համոզված եմ, որ ժողովրդական ճնշման միջոցով կհասնենք մեր նպատակին»: