կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 18:14
Հասարակություն

Քանի՞ գերի ունենք

Քանի՞ գերի ունենք

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 23-ին այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւին: Yerkir.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության գրասենյակից տեղեկացրին, որ կոմիտեի ներկայացուցիչները ֆարաջեւին են փոխանցել հարազատների նամակը եւ ստացել նամակ` գերու կողմից:

 

Հիշեցնենք, որ Ֆիրուզ Ֆարաջեւը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը հատել եւ հայ սահմանապահներին էր հանձնվել 2012թ. հուլիսի 26-ին: Չնայած նրան վերադարձնելու' հայկական կողմի պատրաստակամությանը, գերին չէր ցանկանում վերադառնալ` պնդելով, թե իրեն կտտանքների են ենթարկում ադրբեջանական այլասերված բանակում, բացի այդ, վերադառնալուն պես նա կդատապարտվի, ինչպես ադրբեջանցի ցանկացած գերի: Ֆարաջեւը ցանկություն էր հայտնել մեկնել երրորդ երկիր. այժմ, սակայն, փոշմանել է եւ ցանկություն հայտնել վերադառնալ:

 

Այս պահին Հայաստանում ադրբեջանական կողմն ունի մեկ գերի: Վերջին անգամ Հայաստանը Ադրբեջանին գերի է հանձնել 2012թ. նոյեմբերի 30-ին: Նա այդ երկրի քաղաքացի, 1971 թ ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիեւն էր:

 

Ադրբեջանը Հայաստանին վերջին անգամ գերի է վերադարձրել այս տարվա մարտի 20-ին. նրանք քաղաքացիական անձինք էին, 87-ամյա Մնացական Քառյանը եւ 48-ամյա Անահիտ Առաքելյանը, որոնք սահմանը հատել էին նույն ամսվա 16-ին եւ 17-ին:

 

Ադրբեջանական կողմում այս պահին գերեվարման մեջ է Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, որը զինվորական ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելով`հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում էր հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Չնայած այն բանին, որ հայկական կողմում ցանկացած գերու պարագայում անմիջապես կապ է հաստատվում ԿԽՄԿ գրասենյակ եռւ կազմակերպվում տեսակցություն, Ադրևբեջանի պարագայում միայն 13 օր անց Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայ գերուն հանդիպելու հնարավորություն ունեցան, այն էլ` երբ սովորության համաձայն, այդ երկրի ՊՆ-ն հաջողացրել էր Հակոբին ադրբեջանբական համազեգեստով տեսանկարահանել` «հայկական ու ադրբնեջանական համազգեստի տարբերությունը ցուցադրելու» համար:

 

Ադրբեջանում է գտնվում նաեւ 6 շնչից բաղկացած հայ ընտանիք, որը ինքնակամ էր հանձնվել, սակայն ադրբեջանցիները պնդում են, թե ընտանիքը տեղափոխվել է երրորդ երկիր:

 

Հայկական կողմը Կարմիր խաչին է ներկայացրել 90 հոգուց կազմված ցուցակ, որոնց` հիմնականում գերի լինելու մասին այս կամ այն չափով որոշ տեղեկություններ կան: